Գառնիի փոստային բաժանմունքում պետծառայությունների միասնական գրասենյակ է գործարկվել

Գառնիի փոստային բաժանմունքում պետծառայությունների  միասնական գրասենյակ է գործարկվել

PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերի 6-ին գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ «Հայփոստի» Գառնիի փոստային բաժանմունքում: Այսուհետ Կոտայքի մարզի Գառնի համայնքի «Հայփոստ»-ի փոստային բաժանմունքը պետական ծառայություն է մատուցելու՝ սպասարկելով նաև համայնքի հարակից գյուղերի բնակչությանը (Գողթ, Գեղարդ, Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր և այլն):

Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկման մեկնարկին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Հայփոստ Թրասթ Մենեջմենթի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նման գրասենյակների գործարկմամբ պետական ծառայություններն ավելի հասանելի են դառնում ՀՀ քաղաքացիների համար: Նախարարը նշել է, որ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է մարզերի բնակիչների հոգսի թեթևացմանը: «Այսուհետ, պետական մարմնից որևէ տեղեկանք ստանալու համար գյուղացին ստիպված չի լինի հասնելու մայրաքաղաք կամ մարզկենտրոն»,- ասել է Հովհաննիսյանը:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը բարձր է գնահատել կառավարություն-մասնավոր հատված համագործակցության նման ձևաչափն ու նշել, որ ընկերությունը պետական մի շարք ծառայությունների մատուցումն ավելի հասանելի կդարձնի ՀՀ քաղաքացիներին:

Երևանում Պետական միասնական գրասենյակի ծառայությունները մատուցում են նաև «Հայփոստ»-ի թիվ 01 փոստային բաժանմունքում (հասցե՝ Նալբանդյան 21): Առաջիկայում նախատեսվում է Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ բացել հանրապետության մյուս մարզերի «Հայփոստի» մի շարք բաժանմունքներում ևս:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---