Ադամ Շիֆ. ԱՄՆ-ն պետք է հստակ ու պարզ խոսի Հայոց ցեղասպանության մասին

Ադամ Շիֆ. ԱՄՆ-ն պետք է հստակ ու պարզ խոսի Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում մեկնաբանում են Հայոց ցեղասպանության մասին ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը: Թեմային անդրադարձել է «Ամերիկայի ձայնը»՝ հարցնելով՝ արդյոք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը՝ որպես ցեղասպանություն։

Այս հարցն են տալիս նաև մի շարք ԶԼՄ-ներ, Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ-ի թիվ երկու ամենաբարձրաստիճան դիվանագետ, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերի հրապարակային հայտարարությունից հետո։

Փաուերը Հրեական ողջակիզմանը նվիրված վերջերս անցկացված մի հանդիպման ժամանակ, խոսելով պատմական անարդարությունների մասին, խոսել էր նաև «Հայոց ցեղասպանությունը հերքողների մասին»։

Ամերիկյան թերթերը գրում են, որ չնայած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախընտրական արշավի ընթացքում տրված մի քանի խոստումներին, նախագահի պաշտոնում Օբաման հրաժարվեց այդ քայլից՝ դժգոհություն ու զայրույթ առաջ բերելով փաստաբանների ու ԱՄՆ-ի կոնգրեսականներից շատերի մոտ։

Կոնգրեսական Ադամ Շիֆը վստահ է, որ ԱՄՆ-ը պետք է հստակ ու պարզորոշ կերպով խոսի Հայոց ցեղասպանության մասին։

«Ես կոչ եմ անում վարչակազմի մյուս պաշտոնյաներին ու նախագահին ևս, խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այսօր, երբ Օբամային մնացել է պաշտոնավարման համար միայն մի քանի շաբաթ, նա կարող է կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախընտրական արշավի ընթացքում տրված իր խոստումները»։

Կոնգրեսական Ֆրենք Փալոնը, հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես ճանաչվելու գործում Կոնգրեսում Հայկակայն հարցերով հանձնախմբի աշխատանքների մասին, ասում է.

«Շատերն են հավատում, որ Կոնգրեսն ու երկրի նախագահը մի օր ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը, եւ ես շատ գոհ եմ, որ Սամանթա Փաուերը հանդես եկավ այդ հայտարարությամբ»։

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով էլ «մի նոր քար է պոկվել Ցեղասպանությունը հերքող պատից եւ մի նոր քայլ է կատարվել Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի ճշմարտացի քաղաքականության ուղու վրա։ Հայոց ցեղասպանունյան մասին Սամանթա Փաուերի արտասանած խոսքերի նման մյուս բոլոր խոսքերը ժամանակի ընթացքում իրենց կարեւոր հետքն են թողնեում եւ իրենց դերն ունենում»։

«Հերքողական պատի մեջ անցք բացելու» մասին է խոսել նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ հիշեցնելով «Խնդիր՝ դժոխքից» վերտառությամբ Փաուերի գրքի մասին, որը սկսվում է հենց Հայոց ցեղասպանության մասին պատմելով։

«Ես մեծ հարգանք եմ տածում նրա նկատմամբ, որպես գիտնական ու հրապարակախոս։ Սակայն նա այլ դեր կատարեց անցած տարիներին որպես ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան։ Բայց ի վերջո կարողացավ դատապարտել անհերքելի փաստերի հերքումը»,- ասում է Ջոն Էվանսը։

Էվանսի խոսքերով, այսօր, երբ միայն 4Օ օր է մնացել Փաուերի պաշտոնավարմանը, դժվար թե նրա համար այդ հայտարարությունն ունենա անձնական հետեւանքներ։

«Արդյո՞ք Օբամայի վարչակազմը քողազերծված կերպով ճանաչել է Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված ջարդը որպես ցեղասպանություն»։ Այս նույն հարցն է տալիսAssociated Press-ը՝ նշելով, որ այս 4 բառերը կարող են «կատաղեցնել» ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային, որն ամեն գնով է հակադարձում Ցեղասպանության մասին որեւէ ակնարկ անգամ։ Ու քանի որ Թուրքիան գտնվում է աշխարհի ամենաանկայուն տարածարջաններից մեկում, մեկ դար առաջ տեղի ունեցած ջարդերի մասին խոսելիս, ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք ցուցաբերում են ծայրահեղ զգուշավորություն, գրում է թերթը։ Մինչև Օբամայի վարչակազմ ընդունվելը, Պուլիցերյան մրցանակակիր լրագրող Փաուերը բազմիցս է գրել Հայոց ցեղասպանության նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին։ Ինչպես թերթն է գրում, պաշտոնավարման ընթացքում էլ նա բազմիցս է կուլիսների հետևում լոբբիինգի աշխատանք իրականացրել, որպեսզի Օբաման պաշտոնապես ճանաչեր Հայոց ցեղասպանությունը։

«ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերը 1978 թվականին գրեթե մոտեցել էր «ցեղասպանություն» եզրին, երբ հայտարարեց, թե «նպատակաուղղված ջանք է կիրառվել ամբողջ հայ ժողովրդին ջնջելու համար»։ Ռոնալդ Ռեյգանն էր, որը 1981 թվականին արտասանեց «Հայերի ցեղասպանություն» բառակապակցությունը՝ դառնալով ԱՄՆ-ի մինչ այժմ վերջին նախագահը, որը հայերի դեմ իրականացված ջարդերը ճանաչել է որպես ցեղասպանություն»,- գրել է թերթը։

Հայոց ցեղասպանության մասին Փաուերի խոսքերից հետո մեկնաբանությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Մարք Թոները՝ հիշեցնելով, որ «Այս վարչակազմը և նախագահը, ինչպես նախորդները, պարբերաբար սգացել են մեկ և կես միլիոն հայերի համար, որոնք ջարդի են ենթարկվել Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին։ Մենք կոչ ենք արել լիակատար ու անկեղծ կերպով ընդունել փաստերը։ Եվ դա այսօր էլ մնում է մեր քաղաքականությունը։ Չեմ ուզում մտնել տերմինաբանության խորքերը, սակայն մենք ուզում ենք տեսնել այդ դեպքերի նկատմամբ պատմական լիակատար մոտեցում։ Իսկ Սամանթա Փաուերի խոսքերն արտասանվել են Հրեական ողջակիզման համատեքստում։ Եվ նրա խոսքերը չեն արտացոլում վարչակազմի քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն»։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---