Կարո Փայլան. Թուրքիան ավելի աղքատ, ներփակված ու մութ երկրի դառնալու ճանապարհին է

Կարո Փայլան. Թուրքիան ավելի աղքատ, ներփակված ու մութ երկրի դառնալու ճանապարհին է

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախևառաջ պետք է վերջ տալ ազատ մամուլի և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող ճնշումներին և բռնություններին: Այս մասին 2017-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը՝ կառավարությանը խորհուրդ տալով ազատականացման գործընթացը սկսել իրենց կուսակցության համանախագահներին ազատ արձակելուց:

«Բա՛ց թողեք մեր կուսակցության համանախագահներին: Բաց թողեք մեր պատգամավորներին: Օրենքի գերակայությունը եկեք որպես հիմք ընդունենք: Լրագրողներին բաց թողեք: Մի ասեք, թե «ունեցվածքիդ ձեռք կտամ»: Եթե անեք այս ամենը, դոլարի փոխարժեքը 3.5 լիրայից նորից կիջնի 2.5 լիրայի: Բայց եթե այս մտածողությամբ շարունակենք առաջ շարժվել, ցավոք, այդ դոլարը կհասնի 4 լիրայի, և մենք ամեն իմաստով աղքատ մի երկիր կդառնանք: Մենք այս քաղաքականությունը շարունակելու պարագայում քայլում ենք դեպի ավելի աղքատ, ավելի ներփակված, ավելի մութ մի երկրի ճանապարհով», - ասել է Փայլանը, մեջբերում է T24.com.tr-ն:

Փայլանը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության 14 տարվա ընթացքում ավելի քան 500 միլիարդ դոլար է մուտք գործել Թուրքիա, սակայն այդ ամենի հետ մեկտեղ երկիրն ունեցել է ահռելի բացեր, որոնք, ըստ Փայլանի, սխալ ուղղությամբ ներդրումներ կատարելու արդյունք են:

Նա նշել է, որ հեղաշրջման փորձից հետո նոր ներդրումներ ներգրավելը բարդացել է, քանի որ «վերածվել են մի երկրի, որտեղից կապիտալը փորձում է հնարավորինս շուտ փախչել»:

«Պետությունը ճանապարհներ կառուցեց, կամուրջներ կառուցեց, այս ամենը շատ կարևոր էր, տեսեք, բայց մենք ամենից առաջ պետք է ներդրում կատարեինք մեր քաղաքացու մեջ»,- ասել է հայազգի պատգամավորը:

Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, ձերբակալվել են նոյեմբերի 4-ին, ինչից հետո կուսակցության անդամները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել խորհրդարանում իրենց աշխատանքը, սակայն նոյեմբերի 22-ին, կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին խորհրդարան վերադառնալու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---