Իրանը կաջակցի Հայաստանին Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում

Իրանը կաջակցի Հայաստանին Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում

PanARMENIAN.Net - Իրանը կնպաստի Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը: Այդ մասին հայտարարել է Ւրանի լեռնահանքային արդյունաբերության և առևտրի նախարար Մոհամմադ Ռեզա Նեմատզադեն:

Ելույթ ունենալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը` նա նշել է, որ Իրանն ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու փորձ ունի և պատրաստ է իր փորձը կիսել Հայաստանի հետ` Մեղրիում ազատ առևտրի գոտու ստեղծման հարցում:

Ըստ նախարարի, Իրանի և ՀՀ մասնավոր հատվածները շահագրգռված են զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները: «Մենք պետք է օգտագործենք մասնավոր հատվածի ներուժն ընդլայնելու համար առևտուրը` վերացնելով բանկային ու ապահովագրական խոչընդոտները»,-հավելել է նա:

Իրանի բանկային համակարգն ու երաշխիքների արտահանման հիմնադրամը պատրաստ են հանել առևտրային խոչընդոտները: Ըստ Նեմատզադեի, տեխնիկական և ինժեներական ծառայություններ մատուցող իրանական ընկերությունները կարող են իրենց ավանդն ունենալ ՀՀ-ում արդյունաբերական և առևտրային ենթակառուցվածքային օբյեկտների նախագծման գործում:

«Ինչ վերաբերում է օգտակար հանածոների հետախուզմանն ու շահագործմանը, հատկապես պղնձին ու ոսկուն, մետաղագործական նախագծերի նախագծմանը, Իրանը ևս պատրաստ է իր տեխնիկական ու ինժեներային ներուժը տրամադրել Հայաստանին»,-ասել է նա:

Նեմատզադեն նշել է, որ Իրանը պատրաստ է արտոնյալ սակագնային պայմանագիր կնքել ԵՏՄ հետ: Նա հավելել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի անդամությանը ԵՏՄ-ին, մենք ակնկալում ենք, որ ՀՀ աջակցությունը կնպաստի գործարքը կնքելուն»:

Նա կոչ է արել Փոխըմբռնման հուշագիր կնքել` գիտելիքներն ու տեխնոլոգիաները Հայաստանին փոխանցելու վերաբերյալ:

ՀՀ նախարարը ողջունել է Իրանի ներդրողների մասնակցությունը հայկական նախագծերին, հատկապես, հանքահումքային ոլորտում: Մանուկյանն ասել է, որ պետք է նոր խթան հաղորդել տնտեսական և առևտրային հարաբերություններին: Նախարարը նշել է, որ Հայաստանը հավանություն է տալիս Իրանի անդամակցությանը ԵՏՄ-ին և միության հետ արտոնյալ պայմաններով առևտրի մասին համաձայնագրի կնքմանը:

ՀՀ նախարարը նաև հավելել է, որ Իրանի օգնությունը Մեղրիում առևտրի ազատ գոտու ստեղծմանը կարող է առաջին քայլը լինել այդ ճանապարհին: Նա հավելել է նաև, որ մաքսային արգելքների վերացումը կարևորագույններից մեկն է երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացման համար:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահիի հետ Մոսկվայում քննարկել է Իրանի և ԵՏՄ երկրների միջև առևտրի ազատ գոտու ստեղծման հարցը: «Առևտրի ազատ գոտու ձևավորման հարցը կարևորագույնն է ԵՏՄ և Իրանի միջև»,-ասել է Սարգսյանը: Նա հավելել է, որ Իրանը գերակա երկիր է ԵՏՄ համար ԱԱԳ ստեղծման տեսակետից: «Մենք կարծում ենք, որ լուրջ ներուժ կա տնտեսական աճի խթանման համար»,-ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ:Նա նշել էր, որ գոտին լինելու է արտադրության կազմակերպման և բարձրարժեք ծառայությունների մատուցման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---