Չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները կլուծարվեն

Չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները կլուծարվեն

PanARMENIAN.Net - Կլուծարվեն չգործող և հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 8-ի նիստում:

«Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ ասված է, որ հարկային մարմնի տվյալներով ներկայում կան զգալի թվով կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնք առնվազն վերջին երեք տարվա ընթացքում փաստացի գործունեություն չեն իրականացրել և հարկային մարմին հաշվետվություններ չեն ներկայացրել:

ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու, հարկ վճարողների պարտավորությունների հաշվառումն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով վարելու գործընթացը ներդնելու, ինչպես նաև հարկային մարմնի տեղեկատվական համակարգը անհարկի չծանրաբեռնելու և հարկ վճարողների շրջանակը հստակեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել (հաշվառումից հանել) չգործող և հաշվարկներ չներկայացրած կազմակերպություններին (անհատ ձեռնարկատերերին):

Օրենքի նախագծով սահմանվում է, որ լուծարվող (հաշվառումից հանվող) հարկ վճարողների ցանկերը մինչև 2017թ. օգոստոսի 1-ը կհրապարակվեն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև պետական ռեգիստրի պաշտոնական` ինտերնետային կայքում:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ ցանկի հրապարակումից հետո՝ մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը, ցանկում ներառված հարկ վճարողները պարտավոր են պետական ռեգիստր ներկայացնել տեղեկանք` ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի առկայության մասին: Նշված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու դեպքում պետական ռեգիստրը երկամսյա ժամկետում գրանցում է հարկ վճարողի լուծարումը (պետական հաշվառումից հանումը):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---