Շտայնմայեր. Ղարաբաղյան կարգավորումը պետք է «նոր շունչ» ստանա

Շտայնմայեր. Ղարաբաղյան կարգավորումը պետք է «նոր շունչ» ստանա

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը համարում է, որ ղարաբաղյան կարգավորումը պետք է «երկրորդ շունչ» ստանա:

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում աշխատանքն է սկսել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքը հայտարարել էր, որ նիստի շրջանակում կարող է տեղի ունենալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

«Գոյություն ունի միջնորդության ձևաչափ այդ հակամարտության վերաբերյալ բանակցություններում` Մինսկի խումբը, և այսօր անհրաժեշտ է, որ գործընթացը նոր շունչ ստանա»,-ասել է Շտայնմայերը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում:

Ըստ նրա, ԵԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձություններով: «Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է վտանգավոր մնալ և անհրաժեշտ է բանակցել այն հանգուցալուծելու համար: Ապրիլին տեղի ունեցավ սրացում, որը վկայում է, որ նրա բռնկման վտանգը պահպանվում է»,-ասել է Շտայնմայերը:

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նույնպես ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հայտարարել է, որ Եվրամիությունն առաջխաղացում է ակնկալում ղարաբաղյան կարգավորման գործում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, իր հերթին, նշել է, որ հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, մյուս բոլոր բարդ խնդիրները կարգավորելու բանալին է` ներառյալ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրները:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի բացառում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությունը: Սակայն, դեկտեմբերի 7-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի կողմից առաջարկված Համբուրգում կայանալիք հանդիպումը քննարկվել է, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռ չկա:

Հանդիպումը նախատեսված էր ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆԽ նիստի շրջանակում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---