WikiLeaks-ի հրապարակած` Էրդողանի փեսայի նամակներից 149-ը Հայաստանին ու հայերին է առնչվում

WikiLeaks-ի հրապարակած` Էրդողանի փեսայի նամակներից 149-ը Հայաստանին ու հայերին է առնչվում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկի` նրա դստեր ամուսնու, 2015 թվականից էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստը դարձավ գաղտնազերծումներով զբաղվող WikiLeaks-ի հերթական թիրախը: Ջուլիան Ասանժի ստեղծած այս կայքը շաբաթվա սկզբին հրապարակել է Ալբայրաքի անձնական էլեկտրոնային փոստում տեղ գտած 57.000 նամակ, որոնցից ամենահինը թվագրված է 2000 թվականով, իսկ ամենաթարմը գրվել է 2016 թվականի ամռանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Էրդողանի փեսայի գաղտնազերծված նամակագրության մի մասը, ավելի հստակ` նամակներից 149-ը, առնչվում են Հայաստանին և հայերին:

Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց, օրինակ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներին ուղարկված նամակում մանրամասնորեն ներկայացվում է կուսակցության ղեկավար անդամներից մեկի` ներկայումս Եվրամիության հետ կապերի գծով նախարար Օմեր Չելիքի տեսակետը Հայաստանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ընդգծվում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների կարևորությունը:

2014-ի մայիսին թվագրված վերլուծական մի գրության մեջ էլ Ստամբուլի «Բիլգի» համալսարանի կազմում գործող «Գլոբալ խնդիրների հարթակ» կառույցի փորձագետները Էրդողանի փեսային մանրամասնորեն տեղեկացնում են իրանական գազի` եվրոպական շուկա արտահանման հեռանկարների մասին` հատուկ հիշատակելով նաև Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղին:

Ուշագրավ է նաև 2013-ի նոյեմբերին Նյու Յորքում բնակվող թուրք ակտիվիստներից մեկի` Բերաթ Ալբայրաքին, ինչպես նաև Ռեջեփ Էրդողանի որդուն` Բիլալին ուղարկված նամակը, որում ներկայացված են Թուրքիայի այն ժամանակաշրջանի ամենաազդեցիկ քրդական ուժի` Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության անդամների և Վաշինգտոնի հայկական կառույցների հանդիպումների մանրամասները: Այս նամակը վերնագրված է` «Դաշնակների և Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության/Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչների Վաշինգտոնում կայացած հանդիպումների մասին»: Այս ուղերձին նաև չորս լուսանկար է կցված, որոնցում պատկերված են Թուրքիայի ամենահայտնի քուրդ գործիչներից մեկը` Սելահեթդին Դեմիրթաշը և Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավարները:

Թուրքական մամուլը մԷրդողանի փեսայի նամակագրության գաղտնազերծմանը գրեթե չի անդրադարձել` մեկ-երկու հրապարակումները չհաշված: Փոխարենը՝ միջազգային մամուլն է ակտիվորեն անդրադառնում ծագած սկանդալին:

Foreign Policy հանդեսը, օրինակ, պնդում է.«Եթե հրապարակված նամակների իսկությունը հաստատվի, ապա այս ողջ պատմությունը Բերաթ Ալբայրաքի համար լուրջ գլխացավանք կդառնա»:

Ավելի վաղ WikiLeaks-ը բացահայտել էր Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---