«Էյ Թի Փին» ավելի քան 260.000 ծառ է տնկել ՀՀ-ում

«Էյ Թի Փին» ավելի քան 260.000 ծառ է տնկել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - «Էյ Թի Փի» («Հայաստան ծառատունկ ծրագիր») բարեգործական հիմնադրամը 2016 թ.-ի ընթացքում տնկել է 263.858 ծառ՝ Քարոլին Մյուգարի կողմից կազմակերպության հիմնադրումից մինչ այժմ տնկված ծառերի ընդհանուր թիվը հասցնելով 5.216.500-ի:

«Գարնանային ծառատունկը ավարտվեց մարտի կեսերին, չնայած այդ ժամանակ մենք նոր-նոր ենք սովորաբար սկսում տնկումները»,- նշել է Անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանը՝ հավելելով, որ աշնանային ծառատունկը նույնպես շատ կարճ տևեց:

Այնուամենայնիվ, այս աշնանը անտառվերականգնման տեղամասերը հարստացան կաղնու, հացենու, վայրի խնձորենու և տանձենու 164.584 տնկիով: Լոռու մարզի Կողես և Տաշիր համայնքներում իրականացվող տնկման աշխատանքներում ներգրավվել են ավելի քան 70 աշխատակից, ովքեր մոտակա գյուղի բնակիչներ էին:

«Եղանակը բավականին տաքացել է», - նշել է Տաշիրի աշխատակիցներից մեկը: «Այս շրջանը Հայաստանի ամենախոնավ վայրերից մեկն էր, բայց այժմ կլիման փոխվել է: Վերջերս նույնիսկ օձեր ենք նկատել տարածքում»:

Նշվում է, որ կայուն զարգացման կարևորագույն նպատակներից երկուսը՝ աղքատության և սովի նվազեցումը, մշտապես եղել են «Էյ Թի Փի»-ի ուշադրության կենտրոնում: «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում պտղատու ծառեր, թփեր և մշտադալարներ են տրամադրվում Ադրբեջանին սահմանակից Տավուշի շրջանի Բերքաբեր, Այգեպար և Չինարի համայնքներին:

«Բերքահավաքի ոսկե օրենքը ավելին ստանալն է, քան տնկում ես»,- նշել է Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ 2016թ.-ի ընթացքում արդեն իսկ ստացվել է մոտ 437.169 կգ բերք: Բերքատու ծառերի հիմնական տեսակներից էին ծիրանենին, դեղձենին, սալորենին և խնձորենին: Ծառերը բաժանում ենք Հայաստանի գրեթե բոլոր շրջաններին և համայնքերին, իսկ ստացված բերքը տնօրինում են այն ընտանիքները, ովքեր մշակել են»:

Այս աշնանը Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում Հայաստանում և Արցախում տնկվել է 30.667 ծառ և ստեղծվել 8 համայնքային փոքր անտառ:

Կամավորների աջակցությամբ 2016-ին «Էյ Թի Փի»-ն տնկումներ է իրականցրել պատմական տարբեր վայրերում, այդ թվում Արցախում Տիգրանակերտի և Գանձասարի վանական համալիրի տարածքում, Հայաստանում Բաշ Ապարանի հուշահամալիրի և Վանաձորի տեխնոպարկի տարածքում:

1994 թ.-ին հիմնադրումից մինչ օրս «Էյ Թի Փի»-ն տնկել է ավելի քան 5.200.000 և 2005 թ.-ից սկսած՝ իրականացրել բնապահպանական կրթություն: Հիմնադրամը Հայաստանում ծառատունկ իրականացնող խոշորագույն ծրագիրն է, որն իր գործունեության 22 տարիների ընթացքում հաջողությամբ հիմնել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթության կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի 1200-ից ավելի համայնքային տեղամասեր:

«Էյ Թի Փի»-ն ներգրավել է ժամանակավոր աշխատակիցներ և տարբեր տարիքի կամավորներ, որպեսզի 2016-ին տնկի մոտ մեկ քառորդ միլիոն ծառ՝ 1994-ին կազմակերպության հիմնադրումից մինչ օրս տնկած ծառերի քանակը հասցնելով 5.216.500-ի:

Կարդացեք նաև՝ Պտղատու ծառերի ևս 300 տնկի է տրվել Ն. Կարմիրաղբյուրի զոհված ազատամարտիկների ընտանիքներին

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---