Մոտ $90.28 մլն ԱՄՀ-ից՝ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրին

Մոտ $90.28 մլն ԱՄՀ-ից՝ «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրին

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը դեկտեմբերի 9-ին ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը:

Ստուգման արդյունքը տալիս է 15.65 միլիոն ՓՀԻ (փոխառության հատուկ իրավունք) (մոտ 21.24 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 66.52 միլիոն ՓՀԻ-ի (մոտ 90.28 միլիոն ԱՄՆ դոլար):

82.21 միլիոն ՓՀԻ (մոտ 111.57 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող այս ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7- ին:

Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև բյուջետային հաշվեկշռի 2016 թ. դեկտեմբերի վերջի կատարողական չափորոշչի փոփոխության մասին իշխանությունների դիմումին:

Եկամուտների թերակատարումը հիմնականում պայմանավորված է եղել արտաքին գործոններով, իսկ ավելի բարձր կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են արտոնյալ պայմաններով արտաքին ֆինանսավորմամբ, հիմնականում արտացոլում են նախկին թերակատարման հաղթահարումը և ապահովում հակացիկլային որոշակի աջակցություն:

Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի առաջին տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Դեյվիդ Լիփթընն ասել է . «Ծրագրի արդյունքները հիմնականում բավարար են եղել՝ չնայած արտաքին անբարենպաստ զարգացումները հանգեցրել են ներքին պահանջարկի զսպմանը, թույլ եկամուտների և գնանկման պայմանների: Ապագային նայելով՝ դժվարին հեռանկարը պահպանվում է՝ մակրոտնտեսական կայունության ապահովման և կայուն և ներառական աճի խթանման համար պահանջելով քաղաքականությանն ուղղված կայուն ջանքեր»:

Նրա խոսքով, նոր հարկային օրենսգիրքը պետք է օժանդակի կոնսոլիդացման ջանքերին, սակայն կարևոր է նաև արտաքին ֆինանսավորմամբ կապիտալ ծախսերի առաջնահերթության սահմանման և մշտադիտարկման բարելավման միջոցառումների իրականացումը և եկամտային վարչարարության էլ ավելի ամրապնդումը:

«Անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների մեղմումն օգնել է շուկայի հիմնական 3 տոկոսադրույքի նվազեցմանը և օժանդակել բանկային վարկավորման սկիզբ առնող վերականգնմանը: Առաջիկայում նպատակը պետք է լինի գնաճը ՀՀ ԿԲ նպատակային 4 տոկոսին մոտեցնելը՝ միաժամանակ պահպանելով փոխարժեքի ճկունությունը՝ արտաքին ցնցումներին արձագանքելու և մրցունակությունն ուժեղացնելու համար», - ասել է Լիփթընը:

Նրա խոսքով, միևնույն ժամանակ նվազագույն կապիտալի համալրման նոր պահանջների կիրարկումը և ֆինանսական կայունության նկատառումների արտացոլումը ՀՀ ԿԲ գործառնական շրջանակում կօգնի ֆինանսական հատվածի դիմակայունությանն աջակցելու և մակրոպրուդենցիալ դաշտն ամրապնդելու հարցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---