Վարչապետ․ Դիվանագիտական կորպուսը պետք է ընդլայնի տնտեսական բաղադրիչն իր աշխատանքում

Վարչապետ․ Դիվանագիտական կորպուսը պետք է ընդլայնի տնտեսական բաղադրիչն իր աշխատանքում

PanARMENIAN.Net - Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ ավելի մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքի մեջ՝ տնտեսական բաղադրիչի ընդլայնման ուղղությամբ, քանի որ դա է ՀՀ տնտեսության զարգացման գրավականը: Այս մասին հայտարարել է Արտաքին քաղաքականության տնտեսական հատվածին վերաբերող խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս դաշտում մենք շատ-շատ անելիքներ ունենք, չափից շատ անելիքներ ունենք, և կարծում եմ, ունենք նաև բացթողումներ», - ասել է վարչապետը:

Նա հավելել է. «Երկրի շուկայի փոքրությունը ակնհայտ ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և աշխարհում մեր տնտեսական տեղը գտնենք: Այդ իսկ առումով, կարծում եմ, որ մենք Արտաքին գործերի նախարարության, մեր դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բան ունենք անելու: Մենք պետք է համատեղ մշակենք համակարգ, որպեսզի մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին գնահատելու ժամանակ կարողանանք գնահատել նաև, թե ինչպես են իրենք մասնակցում տնտեսական զարգացմանը: Չեմ կարծում, որ այսօր օրակարգում դա կա»:

Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պետք է բանակցեն այլ երկրների շուկաների հետ հայաստանյան ապրանքների համար ավելի դյուրին մուտք ապահովելու համար, պետք է աշխատեն նաև, որ արտերկրում Հայաստանը ունենա ներդրումների համար գրավիչ և հուսալի գործընկերոջ իմիջ, պետք է հասանելի դարձնեն Հայաստանում ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը օտար երկրներում:

Վարչապետը ցավով է արձանագրել, որ մի կողմից Հայաստանը ցանկանում է այլ երկրներից ներդրումներ ունենալ, մյուս կողմից՝ ոլորտին վերաբերող Հայաստանի օրենսդրության անգլերեն թարգմանությունն անգամ չկա:

Հայաստանը, ըստ Կարեն Կարապետյանի, կարող է իր գործընկերներին առաջարկել համեմատաբար դյուրին մուտք խոշոր շուկաներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ԵԱՏՄ անդամությունն է՛լ ավելի հասանելի է դարձրել մոտ 180 միլիոն բնակչություն ունեցող երկրների շուկան: Վրաստանի և ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի, ինչպես նաև Եվրամիության հետ գործող առևտրային ռեժիմները Հայաստանը դարձրել են տարբեր երկրների տնտեսական շահերի զուգակցման վայր: Իսկ Իրանի հետ մեր ունեցած ընդհանուր սահմանը, պատմական բարեկամական հարաբերությունները, այժմ նաև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը հեշտացնում է Հայաստանի տարածքով իրանական շուկա մուտք գործելու հնարավորությունները», - պարզաբանել է վարչապետը:

Վարչապետը նախանշել է նաև անելիքները․ պետք է ակտիվացնել տնտեսական արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով թե՛ ԵԱՏՄ անդամակցությունը, թե՛ Եվրամիության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափը, նոր շուկաներ բացահայտել տեղական արտադրանքի համար, ապահովել երկրի ճանաչելիության ու ներդրումային հեղինակության բարձրացումը, ուժեղացնել ներդրողների իրավունքների պաշտպանությունը:

ԱԺ-ում՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով լսումների ժամանակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնել է, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների մասին նոր օրենք է մշակվում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---