Մշակույթի նախարարությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մասին. Լավաշի ազգային պատկանելության հարց չի դրվել

Մշակույթի նախարարությունը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշման մասին. Լավաշի ազգային պատկանելության հարց չի դրվել

PanARMENIAN.Net - Եթովպիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում 2016-ի նոյեմբերի 30-ին ընդունվել է «Տափակ հաց պատրաստելու և հյուրասիրելու մշակույթ, լավաշ, կաթրմա, ժուպկա, յուֆկա» 5 երկրի՝ Ադրբեջան, Իրան, Ղազախստան, Ղրղըզստան և Թուրքիա, համատեղ հայտը։

PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնել են, որ այս հայտի գրանցումը չի նշանակում, թե չեղարկվել է դեռևս 2014-ին Հայաստանի կողմից ներկայացված և ընդունված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: Ավելին, ըստ նախարարության, համատեղ հայտի որոշման մեջ համապատասխան հղում է արվել 2014-ին ընդունված ՀՀ հայտին:

Հարցին, թե այս քայլն արդյոք նշանակում է, որ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լավաշը միայն հայկական չէ և արդյոք կասկածի տակ չի՞ դրվում լավաշի հայկական լինելու փաստը, նախարարությունից հայտնել են, որ ոչ նյութական մշակույթային ժառանգության տարրի ազգային պատկանելիության հարց չի դնում, այլ ամրագրում է տվյալ համայնքի, խմբի կամ անհատի կողմից դրա կիրառությունն ու կենսունակությունը:

«Հետևաբար, տարրի հայկականության ժխտում չի կարող լինել»,- մանրամասնել է մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Նա նաև հայտնել է, որ կոնվենցիայի գործառնական ուղեցույցի համաձայն, որևէ հայտ կարող է բողոքարկվել միայն մինչև գրանցվելը:

«Հիշյալ համատեղ հայտի գրանցումը բողոքարկվել է ՀՀ համապատասխան կառույցների, իսկ նստաշրջանի ընթացքում՝ նաև Հայաստանի պատվիրակության կողմից, ինչի արդյունքում համատեղ հայտի որոշման մեջ նշված հղումը վկայում է, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիառում են հայտում ներկայացված «տափակ հացի» տեսակները»,- նշել է նախարարի տեղակալը՝ մանրամասնելով, որ կոմիտեն իր որոշմամբ փաստում է, որ համատեղ հայտնում նշվող տարրի գրանցումը չի երնթադրում, որ այն բացառիկ է, այլ կիրառվում է նաև «տարածաշրջանում և դրանից դուրս», իսկ «տափակ հացի» տեսակներից մեկը՝ լավաշը, դեռևս 2014 թվականին ընդգրկվել է ներկայացուցչական ցանկում՝ որպես Հայաստանում կիրառվող տարր:

Հայաստանը 2013-ին «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում» անվանումով հայտ էր ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։ Վերջինը Հայաստանի հայտը ներառել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---