«7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 10-ին

«7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն տարբերակի շնորհանդեսը՝ դեկտեմբերի 10-ին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի «Գրական ակումբում» տեղի կունենա IBBY Յամադա հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակված` պատանիներին հասցեագրված «7 գույն» պատմվածքների ժողովածուի անգլերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը կմասնակցեն պատմվածքների հեղինակները, նկարազարդողները, պատմվածքների անգլերեն թարգմանիչները:

«7 գույն» հայերեն պատկերազարդ ժողովածուն հրատարակվել է 2015-ին` Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության (IBBY Armenia) իրականացրած «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակում, հայ երիտասարդ հեղինակների և նկարազարդողների համար, համապատասխանաբար` գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենի և բելգիացի ճանաչված նկարազարդող Կլաաս Վերպլանկի մասնակցությամբ անցկացված վարպետության դասերի արդյունքում:

Նախագծի անցկացման նպատակն էր Հայաստանում խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը:

Ստեղածագործական այս կարևոր նախագծի ամփոփիչ փուլը հանդիսացել է «7 գույն» ժողովածուի անգլերեն թարգմանությունը: Գիրքը հանրահռչակելու և օտարազգի ընթերցողին ներկայացնելու նպատակով` 2016-ին մանկական գրադարանում նշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում, միջազգային ճանաչում ունեցող բրիտանացի թարգմանիչ Դանիել Հանի մասնակցությամբ անցկացվեց վարպետության դաս` երիտասարդ թարգմանիչների համար, ովքեր և դարձան ժողովածուի անգլերեն լեզվի թարգմանիչները:

2017-ին նախատեսվում է գրքի անգլալեզու տարբերակը ներկայացնել Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, որի ընթացքում Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում կանցկացվի նաև «7 գույն» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---