$50 մլն` Վանաձորի, Ջերմուկի, Դիլիջանի, Աշտարակի և Ծաղկաձորի զարգացմանը

$50 մլն` Վանաձորի, Ջերմուկի, Դիլիջանի, Աշտարակի և Ծաղկաձորի զարգացմանը

PanARMENIAN.Net - Տարածքների հավասարաչափ զարգացման սկզբունքներից ելնելով` ՀՀ 9 քաղաքում սկսվում են խոշորածավալ ծրագրեր, որոնցից առաջին հինգում արդեն սկիզբը դրվել է: Ջերմուկում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ դա մոտ 50 մլն դոլար վարկային ռեսուրս է պարունակում, որը տրամադրվում է Ասիական բանկի կողմից. «Ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Վանաձոր քաղաքը՝ 20 մլն դոլարի չափով, Ջերմուկը՝ 10 մլն դոլարի չափով, Դիլիջանը՝ 6 մլն դոլարի չափով, Աշտարակը՝ 4 մլն դոլարի չափով, և Ծաղկաձորը, որը 10 մլն դոլարի չափով վարկային ծրագիր է ստանալու։ Ծրագրին պետք է մասնակից դառնա նաև մասնավոր հատվածը և մենք ենթադրում ենք, որ այդ գումարը առնվազն կկրկնապատկվի»:

Նախարարի խոսքով՝ ծրագիրն ունի իր շարունակությունը և դրա իրականացման երկրորդ փուլում միանալու է ևս 4 քաղաք, այդ թվում՝ Գյումրին, իսկ ամբողջական ցանկը կհրապարակվի առաջիկայում. «Նախարարությանը Ռուսաստանի կողմից հատկացվել է 3 մլն դոլար դրամաշնորհային ծրագրով գյուղական տուրիզմի զարգացման համար։ Այն ընդգրկելու է մոտ 60 գյուղական բնակավայր: Դրանցից մեկն էլ Արփի լճի հարակից տարածքում ամառային և ձմեռային տուրիզմի կենտրոն ստեղծելու ծրագիրն է, իսկ մյուս ցանկը կհրապարակվի առաջիկա երկու ամսվա ընթացքում»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ զբոսաշրջության զարգացման առաջին ուղղությունը, որի շուրջ շատ ակտիվ շարունակվելու են աշխատանքները, ոլորտում առկա ներուժի բացահայտնումն է լինելու, քանի որ բավականաչափ ներուժ կա, սակայն դրա շատ փոքր մասն է այսօր իրացված:

«Մեր տեսլականով, երեք տարի հետո` 2020 թվականին, ՀՀ-ում տարեկան կունենանք մոտ 2մլն 500 հազար զբոսաշրջիկ, իսկ դրա արդյունքը կլինի 2,5 մլրդ դրամ»,-հավելել է Կարայանը:

Լրագրողների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն իր հերթին հայտնել է, որ Ջերմուկում հիմնովին փոխվելու է բնակֆոնդը, տանիքները, բակերն են բարեկարգվելու, ասֆալտապատում է արվելու, մայթերն են նորոգվելու, ամբողջությամբ վերանորոգվելու է 12 հա քաղաքային այգին: Ըստ նրա, ճանապարհ կբացվի Գնդեվազ գյուղից դեպի Գնդեվանք եկեղեցի, հայտնում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---