Հարկային տեսուչի կողմից առևտրային գաղտնիքն ապօրինի հրապարակելու գործով նախաքննությունն ավարտվել է

Հարկային տեսուչի կողմից առևտրային գաղտնիքն ապօրինի հրապարակելու գործով նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Արտաշատի տարածքային հարկային տեսչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության հանգամանքները, ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա 2 անձին մեղեադրանք է առաջադրվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավելի վաղ հայտնել էր, որ բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության հիմնադիր Արմեն Պետրոսյանը հաղորդմամբ հայտնել է, որ, իր կարծիքով, իր ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմնից փոխանցվել են իր մրցակիցներին, ովքեր այդ տվյալները հրապարակել են «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում, որի պատճառով իր ընկերությանը պատճառվել են վնասներ:

Դեպքի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և առանց համապատասխան հիմքերի, հարկային մարմնի էլեկտրոնային համակարգից ապօրինի լուսանկարել է «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերության գործարքներին առնչվող և առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները և դրանք փոխանցել է մրցակից, բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն, իր ընկերուհի Սաթենիկ Հակոբյանին:

Հիշյալ հանցավոր գործողությունների արդյունքում «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգում հասանելի են դարձել բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվող «Սպեկտրում Կարգո Սերվիս» ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունները:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի Արտաշատի տարածքային հարկային տեսչության տեղեկատվության և վերլուծության բաժնի հարկային տեսուչ Անի Համբարձումյանին, իսկ առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունն ապօրինի հավաքելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող, «Գոստրանս Պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հակոբյանին:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---