Իրաքում ԻՊ-ից բնակիչների ուժերով պաշտպանվող հայկական գյուղի մասին ֆիլմ է նկարահանվել

Իրաքում ԻՊ-ից բնակիչների ուժերով պաշտպանվող հայկական գյուղի մասին ֆիլմ է նկարահանվել

PanARMENIAN.Net - Կինոռեժիսոր Դևիդ Ռիթթերը փաստագրական ֆիլմ է նկարահանել Իրաքում հայկական Հավրեսկ գյուղի մասին, որը գտնվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից վերահսկվող տարածքների հարևանությամբ: Այդ գյուղում 200-500 բանկիչ կա, որոնց հաջողվում է գոյատևել գյուղը պաշտպանող 22 մարտիկի քաջության, հավատի ու հավատարմության շնորհիվ:

Գյուղը կոչվում է Հավրեսկ` թարգմանաբար «մեծ վրեժ», իսկ պատմությունը սկսվում է 1915-ից, երբ Ցեղասպանությունից փրկված հայերը հիմնեցին գյուղը, գրում է Armenian Mirror-Spectator-ը:

Ռիթթերը մի քանի ամիս է անցկացրել գյուղում: Նրա «Հավրեսկ. Հաստատելով արիությունը» փաստագրական ֆիլմը մանրամասն պատմում է Իրաքում ապրող հայերի ու ասորիների մասին, որոնք քրիստոնյա են մնում, ինչպես նաև գյուղի մասին, որը նրանք կառուցել են:

Լայն լսարանին ֆիլմը ներկայացնելուց առաջ Ռիթթերը, որն, ազգությամբ հայ չէ, պատմել է գյուղի բնակիչների, այն 22 մարտիկի մասին, որոնք պաշտպանում են հայկական այդ գյուղը, ինչպես նաև նրանց առաջնորդ Մուրադ Վարդանյանի մասին, որին ռեժիսորն անվանել է «հավատի ու արիության մարդ, բնատուր առաջնորդ»:

Փաստագրական ֆիլմն անդրադառնում է ավերածությունների, ցեղասպանության և մահվան տարեգրությանը, պատմում է մի խումբ վերապրածների մասին, որոնք գյուղեր հիմնեցին Իրաքում, այդ թվում Հավրեսկը: Ժամանակի հետ նրանց միացան նաև այլ քրիստոնյաներ, որոնք ենթարկվում էին հալածանքների` ասորիներ ու եզդիներ, նույնպես բնակություն հաստատելով գյուղում: 1975-ին քրիստոնյա գյուղերից շատերն ավերվեցին, այդ թվում Հավրեսկը, իսկ բնակիչները ստիպված եղան փախչել:

2006-ին Հավրեսկի բնակիչների մեծ մասը որոշեց վերադառնալ ու վերականգնել գյուղի տները, եկեղեցիներն ու դպրոցները: Հայերից շատերը վերադարձան արտերկրից: Գյուղում նաև հուշարձան կա, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապագայում մտադրություն կա փոքր օդանավակայան կառուցել գյուղում:

Ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Վարդանյանն ընկել է ԻՊ գնդակոծության տակ, այժմ նա վերականգնվում է: Ռիթթերը ճամփորդում է աշխարհի քրիստոնյա համայնքներով, որոնց ապագան վտանգված է, և նկարահանում է նրանց պայքարը: Ներկայումս նա ճամփորդում է հայկական համայնքներով, որտեղ ցուցադրում է Հավրեսկի մասին ֆիլմը: Ըստ նրա, ֆիլմի DVD-ի վաճառքից եկամուտների 30 տոկոսը փոխանցվելու է գյուղին: Ըստ նրա, հաշվեհամարին արդեն 2000 դոլար կա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---