17 դեկտեմբերի 2016 - 17:40 AMT
«Ազգ-բանակ» համերգի հասույթը՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքներին

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18:00-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ազգ-բանակ» խորագրով բարեգործական համերգ՝ Թաթուլ Ալթունյանի անվան հայկական երգի պարի պետական և ՀՀ ԶՈւ երգի պարի համույթների մասնակցությամբ, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

«Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին մասնակցած զինվորների ընտանիքներին»,- հաղորդում է ՊՆ-ն:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: