Նախարար.«Հյուսիս-հարավի» ներդրումային ծրագիրն իր հունով շարունակվում է

Նախարար.«Հյուսիս-հարավի» ներդրումային ծրագիրն իր հունով շարունակվում է

PanARMENIAN.Net - «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը շարունակվում է բնականոն հունով: Այս մասին դեկտեմբերի 19-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով՝ արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ, գրում է Panorama.am-ը:

«Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: Տեղադրվել է մոտ 4,7 կմ բետոնյա ծածկ»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է Տրանշ 3-ին, նախարարը նշել է, որ Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ: Անդրադառնալով Տրանշ 4-ին՝ Վահան Մարտիրոսյանն ասել է, որ մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:

Անդրադառնալով Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարությանը, նախարարը հայտնել է, որ մեկնարկել է Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, որի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել մոտ 90 կմ երկարությամբ միջպետական ճանապարհը: Ծրագիրը համաֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային և Ասիական զարգացման բանկերի կողմից։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ:

Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ կառավարման համակարգի գործընթացի արդյունավետության արդյունքում տարեկան ՏԿՏՏ նախարարությունը կտնտեսի 740 միլիոն դրամ:

Նոյեմբերի 19-ին Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները կօժանդակեն Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---