20 դեկտեմբերի 2016 - 12:47 AMT
Կարայանը ԱՄԷ-ում է. Քննարկվելու են ներդրումային նախագծերը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նախարարին դիմավորել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բեն Սաիդ Ալ Մանսուրին: Երկու երկրի նախարարները քննարկել են աշխատանքային այցի օրակարգային կետերը:

Նախարար Կարայանը հանդիպումներ կունենա Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի տնօրենի, Աբու Դաբիի ներդրումների գործակալության տնօրենի և Աբու Դաբիի առևտրաարդյունաբերական պալատի տնօրենի հետ:

Այս հանդիպումների շրջանակում նախարարը կներկայացնի ՀՀ ներդրումային նախագծերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի գործարար միջավայրի առավելությունները:

Կքննարկվեն նաև երկու երկրի տնտեսական հարաբերությունները, համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորման հեռանկարը և 2017-ին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերին պաշտոնական այցով եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում:

ՀՀ նախագահը և թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հայ-էմիրաթական առևտրատնտեսական փոխգործակցության ներկայիս տեմպերը խթանելու գործում կարևորել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որը, նրանց համոզմամբ, նպաստավոր հարթակ կհանդիսանա միմյանց շուկաների ուսումնասիրման, տարբեր ոլորտներում շահավետ ներդրումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումների ու նորարարությունների ընթացքին հետևելու համար: Կողմերը պայմանավորվել են ինտենսիվացնել Հայաստանի տնտեսության մեջ էմիրաթական ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները և գտնել արդյունավետ մեխանիզմներ ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով: