12 հուլիսի 2007 - 15:14 AMT
ԱՄՆ-ն պատերազմի է նախապատրաստո՞ւմ Ադրբեջանին
ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը շտաբային խաղեր է անցկացրել Ադրբեջանի տարածքում հավանական ռազմական գործողություններին նախապատրաստվելու նպատակով: Future Combat System (Ապագայի ռազմական համակարգ) ցանցը 200 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ նոր սերնդի ռազմական մեքենաների եւ ռազմական տեխնոլոգիաների փորձարկումներ է կատարում զանազան պայմաններում: Ամերիկացի մասնագետները մշակում են հիպոթետիկ ռազմական գործողություններ հաշվի առնելով Ադրբեջանի աշխարհագրական եւ կլիմայական պայմանները համակարգչի միջոցով:

Danger Room բլոգի տվյալներով, բազմաթիվ սցենարներում նախատեսվում է Բաքվի գրավում, սակայն սցենարները չեն նախատեսում ԱՄՆ-ի զորքերի ներխուժում Ադրբեջան` խոսքն իրադարձությունների այլ զարգացման մասին է:

2008 թվականին Իլլինոյսի Տեխնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան եւ Ապագայի ռազմական համակարգի խորհրդատու Քլայդ Վիլսոնը հոդված էր հրապարակել Armor ռազմական հանդեսում: Այնտեղ ասվում էր, որ Կասպից ծովի շրջանը կարող է վերածվել վտանգավոր տարածաշրջանի: Վիլսոնը եղել է «Պատերազմ Ադրբեջանում» պայմանական անվանումով սիմուլյատիվ ռազմական գործողության ծրագրավորման խորհրդատուն: Նրա կարծիքով, այստեղ կարող է կրկնվել Կորեական պատերազմի իրավիճակը:

Նշենք, որ 2004 թվականին ամերիկացի եւ բրիտանացի զինվորականները Hotspur 2004 շտաբային խաղեր անցկացրեցին, որտեղ նույնպես կիրառվեց «կասպից սցենարը»: Ենթադրվում է, որ խոսքը Իրանի հետ հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու մասին է, որը սահմանակից է Ադրբեջանին եւ ունի նման աշխարհագրական եւ կլիմայական պայմաններ:

Ավելի վաղ ամերիկացի զինվորականները շտաբային խաղեր են անցկացրել այն վայրերում, որտեղ ենթադրաբար պետք է ռազմական գործողություններ վարեին: Այդպես, օրինակ, նրանք «կռվել են» Կորեայի թերակղզում եւ Բալկաններում, հաղորդում է ԱՊԱ-ն: