22 դեկտեմբերի 2016 - 16:06 AMT
Կառավարությունը մտադիր է $180 միլիոնի 3 նոր վարկային համաձայնագիր կնքել

Կառավարությունը դեկտեմբերի 22-ին խորհրդարան բերած 3 նոր վարկային համաձայնագրերով պատրաստվում է Հայաստանի արտաքին պարտքը ևս 180 միլիոն դոլարով ավելացնել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարել է, որ թեև այս վարկերի հաստատումից հետո արտաքին պարտքը մոտենալու է 6 միլիարդ դոլարի շեմին, բայց Հայաստանը «նվազ պարտքային երկիր է»:

2016-ի վերջին ՀՀ պետպարտքը կարող է հասնել ՀՆԱ 54,4%-ին, 2 տարի առաջ ցուցանիշը կազմել է ընդամենը 43,7%:

Ընդդիմադիր պատգամավորները եզրակացրել են, որ կառավարությունը պարզապես գումար չունի, և տարբեր ծրագրերի համար վերցվող գումարը իրականում աշխատավարձերի, թոշակների վճարման համար է։

Փոխնախարարն ընդունել է, որ գումարները բյուջեի դեֆիցիտը փակելու համար են։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացրել թե ինչու կառավարությունը տնտեսական քաղաքականությունը չի փոխում: Փոխնախարարն արձագանքել է.«Խնդիրը, որ ասում ենք՝ սրընթաց բարձրացել է պետական պարտքի մակարդակը, այո՛, բարձրացել է: Եվ դա ինքնանպատակ չի բարձրացել: Հավատացեք, մեզնից յուրաքանչյուրը՝ և՛ որպես կառավարության անդամ, և՛ որպես քաղաքացի, մտահոգված է այդ բարձրացումով»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իրենց հաշվարկներով այս տարի տնտեսական աճ գրեթե չկա, իսկ այս պայմաններում վարկային փաստաթուղթ բերող կառավարությունն անգամ ապագայի ռազմավարություն չունի և լուծում է օրվա խնդիրները:

Ավելի վաղ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ 2014-ին և 2015-ին Հայաստան եկած դրամական փոխանցումները կրճատվել են մոտ $700 միլիոնով: 2016-ին էլ, ըստ նախարարի, $140 մլն-ի կրճատում է լինելու: Ստացվում է՝ վերջին 3 տարում Հայաստան չի մտել $840 մլն:

«Մեր պարտքը վերջին 3 տարվա ընթացքում աճել է մոտ 900 մլն դոլարի չափով: Եթե դա չլիներ, մենք կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ: Դա է եղել հիմնական պատճառը, որ Հայաստանը վերջին տարիներին ունեցել է պարտքի բարձր մակարդակ»,-ասել էր նախարարը: