26 դեկտեմբերի 2016 - 17:23 AMT
Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության փոխնախագահը

Թուրքիայի ոստիկանությունը դեկտեմբերի 26-ին Անկարայում ձերբակալել է քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Այսել Թուգլուկին:

Բուժզննումից հետո քաղաքական գործչին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Հետագայում Թուգլուկը կտեղափոխվի Դիարբեքիր, հայտնում է Lenta.ru-ն Hürriyet Daily News-ի վրա հղումով:

Դեկտեմբերի 23-ին իրավապահները ձերբակալել էին խորհրդարանի փոխխոսնակ, վերոնշյալ կուսակցության ներկայացուցիչ Փերվին Բուլդանին, սակայն ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել:

Կուսակցության ներկայացուցիչները իրավապահ մարմինների գործողություններն ապօրինի են համարում:

Ավելի վաղ Թուրքիայի դատախազության հարցումով ձերբակալվել էր թուրքական խորհրդարանում ԺԴԿ 15 ներկայացուցիչ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը, որոնց թուրքական իշխանությունները մեղադրում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ: Ավելի ուշ 12 պատգամավոր կալանավորվեց դատարանի որոշմամբ: