Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել

Մոուրինյո. Մխիթարյանն իր կարիերայի ամենագեղեցիկ գոլն է խփել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության հերթական տուրի խաղում 3:1 հաշվով առավելության է հասել «Սանդերլենդի» նկատմամբ։ Երրորդ գոլի հեղինակը Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» հետ խաղում մարզադաշտ է դուրս եկել 62-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին անհավանական գոլի հեղինակ է դարձել:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Մխիթարյանի հրաշք գոլին անդրադարձել է նաև թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, գրում է Panorama.am-ը:

«Կարծում եմ՝ նա խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը։ Բայց Հենրիխը ոչ միայն գոլեր է խփում, այլև աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաև ավելացնում թիմի ստեղծագործական խաղը։ Ես շատ ուրախ եմ, որ նա վնասվածքից հետո վերադարձել է ու կրկին երջանկություն ու տրիբունաների սերն զգաց։ Դա շատ կարևոր է նրա համար»։

«Դա իմ գոլերից լավագույնն էր: Հուզիչ էր։ Նայեցի մրցավարի օգնականին, տեսա, որ խաղից դուրս վիճակ չկա, կարելի է գործել։ Սպասում էի գնդակը ստանալ առջևից, բայց այլ կերպ ստացվեց։ Միակ բանը, որ կարող էի անել, կրնկով գնդակի ուղղությունը շեղելն էր, ինչնը հաջողվեց»,- ասել է Մխիթարյանը, գրում է sport-express.ru-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ևս մեկնաբանել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի խաղը: «Կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել, բայց հաղթեցինք 3:1 հաշվով»,-ասել է Իբրահիմովիչը: «Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի գոլին, ապա Միկին կրնկով խաղի արքան է, իսկ ես` Աստվածը»,-ասել է Իբրահիմովիչը, գրում է 101greatgoals-ը:

Նախորդ 5 խաղերում ակումբի թիմում Մխիթարյանը 3 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---