Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է ներդնում

Ամերիաբանկը բանկոմատներում թղթադրամների  չեզոքացման ինտելեկտուալ համակարգ է ներդնում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ներկայումս իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով: Ներդրվող համակարգը համարվում է ժամանակակից արդյունավետ միջոցներից մեկը:

Բանկոմատների վրա հարձակման փորձի դեպքում այս համակարգերն անհրաժեշտ պահին գունավորում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չլվացվող թանաքով:

Համակարգերի տեղադրումն իրականացվում է երկու փուլով: Այժմ համակարգերն առաջնահերթ տեղադրվում են Ամերիաբանկի այն բանկոմատներում, որոնք գտնվում են առավել ռիսկային տարածքներում, իսկ երկրորդ փուլում տեղադրվելու են Ամերիաբանկի մնացած բոլոր բանկոմատներում` անկախ գտնվելու վայրից:

Համակարգերի տեղադրման աշխատանքների հետ կապված` հնարավոր է որոշ բանկոմատների աշխատանքի կարճաժամկետ դադար, որի համար Ամերիաբանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը:

Դեկտեմբերի 16-ին Երևանում երկու բանկոմատի վրա ավազակային հարձակում է կատարվել: Սարյան փողոցում պայթեցվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին պատկանող բանկոմատը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են դրամներ, կատարվել է հափշտակություն:

Հաջորդ ահազանգը ստացվել է Արաբկիր վարչական շրջանից, հանցագործություն կատարած անձինք չեն հասցրել ավարտին հասցնել գործը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---