Կինոգետ. Այսօրվա հայկական կինոն ունի իրական հերոս

Կինոգետ. Այսօրվա հայկական կինոն ունի իրական հերոս

PanARMENIAN.Net - Ժամանակակից հայկական կինոն ունի իրական հերոս: Այս մասին ասել է կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանը՝ խոսելով հայկական ժամանակակից կինոյի, ֆիլմարտադրության, հեռանկարների մասին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական ֆիլմարտադրողները հետևում են միջազգային չափանիշներին, թեմատիկային, նա ասել է. «Անահիտ» առաջին կինոմրցանակաբաշխության ընթացքում դիտարկեցի ֆիլմարտադրության ամբողջ պրոցեսը, նկատեցի, որ հետաքրքրություն կա ժամանակակից թեմայի նկատմամբ, որը շատ կարևոր է:

Բացի սրանից, նաև գեղարվեստական լուծումներն են համապատասխանում բարձր չափանիշներին: Տեսնում ենք հետաքրքիր դերասանական աշխատանք, հետաքրքիր ձայնային լուծումներ: Կարևորում եմ ֆիլմի երաժշտությունը, երբ համահունչ է ֆիլմին և ֆիլմը բարձրացնում է արվեստի մակարդակի», մեջբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, լավատեսությունը հիմնված է ոչ միայն զգացողության, ցանկության վրա, այլ ֆիլմերն են թույլ տալիս խոսել այդ մասին:

«Ուրախալի է, երբ տեսնում ես ճիշտ տենդենցներ, նախադրյալներ, զարգացումներ: Այսօր կա թեմայի ընտրություն, այսօրվա հայկական կինոն ունի հերոս: Ասում էինք՝ հայկական կինոյում հերոս չկա, դրամատուրգիան ոնց որ թույլ չի տալիս բարձրարժեք ֆիլմեր ստեղծել: Այսօր տեսնում ենք, որ կան ֆիլմեր, որտեղ դրամատուրգիան կուռ է, կա իրական հերոս, որը հերոսացված է շատ նուրբ ձևով:

Ի տարբերություն նախկինի, երբ հերոսացվում էին կերպարներ, որոնք շատ անգամ հեռու էին կյանքից, այսօր տեսնում ենք կյանքից եկած մարդիկ, ովքեր հերոսանում ենք աչքիդ առաջ: Դա շատ հուզական է և դրական: Իհարկե, վաղը կունենանք արժանի ֆիլմեր, որոնք մրցունակ կլինեն համաշխարհային կինոյի հարթակներում, փառատոներում», - հավելել է Երզնկյանը:

Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ փոքր գումարով հնարավոր չէ լավ ֆիլմ անել, փաստորեն, հնարավոր է, Երզնկյանն ասել է. «Տարիներ առաջ իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերան Հայաստանում էր, թատերական ինստիտուտում անցկացնում էր վարպետության դասեր: Դահլիճից հարց հնչեց՝ արդյոք կարելի է փոքր գումարով ֆիլմ անել, նա ասաց, որ կարևորը միտքն է, այն բովանդակությունը, որն ուզում եք փոխանցել էկրանին»:

Երզնկյանի խոսքով՝ ամենակարևորը՝ ֆիլմերը պետք է ունենան գեղարվեստական լուծումներ, լավ դրամատուրգիա, ճիշտ գտած շեշտադրություններ, ձայնային լուծումներ և երաժշտություն, պրոֆեսիոնալ ռեժիսորներ, լավ դերասաններ:

Դեկտեմբերի 28-ին Կինեմատոգրաֆիստների և կինոյի միջազգային օրն է: 1985 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում Կապուցինների պուրակում գտնվող «Գրանդ կաֆեում» տեղի ունեցավ կինեմատոգրաֆիայի առաջին ցուցադրությունը: Ֆրանսիացիներ Լուի և Օգյուստ Լյումերներն արտոնագիր ստացան իրենց իսկ ստեղծած «Սինեմատոգրաֆ» սարքի համար: Այդ օրը ցուցադրվեց աշխարհում առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան», սակայն խիստ նեղ շրջանակում:Դա առաջին ֆիլմն էր, որը ցուցադրվեց հանրությանը փողի դիմաց: Ֆիլմի ցուցադրումը իսկական խուճապ առաջացրեց կինոդիտողների մոտ: Նրանք վեր կացան ու խուճապահար վազեցին դահլիճից դուրս` կարծելով, որ գնացքը իրենց վրա է ընթանում: Հենց այդ օրն էլ համարվում է կինոյի ծննդյան օր, ու դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի միջազգային օր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---