Միլսը՝ Կարապետյանին. Պատրաստ ենք շարունակել օժանդակությունը հակակոռուպցիոն քաղաքականության մասով

Միլսը՝ Կարապետյանին.  Պատրաստ ենք շարունակել օժանդակությունը հակակոռուպցիոն քաղաքականության մասով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը: Այս մասին հայտարարել էՀայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր, մտքեր փոխանակել մեր երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու այդ ուղղությամբ իրականացվող երկկողմ փոխգործակցության վերաբերյալ:

Կարապետյանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանակը, ինչը կնպաստի նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում վարչապետը մեծապես կարևորել է կոռուպցիոն դրսևորումներ ծնող միջավայրի փոփոխությունը և ավելացրել, որ կառավարության յուրաքանչյուր նիստում իր կողմից հնչեցվող հանձնարարականները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը, ծառայությունների մատուցմանը, լիցենզիաների տրամադրմանը, տարբեր ոլորտներում մեկ պատուհանի սկզբունքի ներդրմանը և այլն, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Իր հերթին, դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը, երկարաձգել Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված երկկողմ համաձայնագրի ժամկետը և անհրաժեշտ համարել նախանշել այն կոնկրետ քայլերն ու ծրագրերը, որոնց իրականացման նպատակով ամերիկյան կողմը պատրաստ է միջոցներ հատկացնել: Դեսպանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով կառավարությունն ունի ձեռքբերումներ և միաժամանակ կարևորել առարկայական բարեփոխումների շարունակությունը:

Ռիչարդ Միլսի խոսքով՝ ԱՄՆ պատրաստ է նաև փորձագիտական աջակցություն տրամադրել դատաիրավական և հարկային բարեփոխումների իրականացման գործում:

Դեկտեմբերի 16-ին ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ միաձայն 100 կողմ ձայով ընդունել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---