Կարայան․ Հայաստանում մոնոպոլիստներ չկան, կան բնական մենաշնորհներ

Կարայան․ Հայաստանում մոնոպոլիստներ չկան, կան բնական մենաշնորհներ

PanARMENIAN.Net - Հայաստանում մոնոպոլիստներ չկան, իսկ եթե որևէ մեկը տեղյակ է մոնոպոլիստներից, կարող է հայտնել կառավարությանը: Այս մասին հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նա նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության գերակայություններից է:

Սակայն այն, ինչ պետք է անի կառավարությունը, պարզվել է , նախևառաջ վերաբերում է Համաշխարհային բանկի Doing Business-ում դիրքերը բարելավելուն․ «Գործարարությամբ զբաղվելը Համաշխարհային բանկի զեկույցի հիմք հանդիսացող տասը գնահատման ցուցանիշներից չորսի մասով, մասնավորապես՝ էլեկտրականության միացում, շինարարության թույլտվությունների ստացում, սնանկության ճանաչում և հարկերի վճարում, Հայաստանի միջին դիրքը շարունակում է մնալ ցածր և այն մեզ չի գոհացնում:

Նախատեսված են այն միջոցառումները, որոնք այս բոլոր չորս ոլորտներում մենք պետք է իրականացնենք, որպեսզի գործարարության զբաղվելը Հայաստանում դառնա ավելի պարզ, հստակ և դյուրին», - ասել է նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դիտարկմանը, թե նույն Համաշխարհային բանկի տվյալներով հետխորհրդային երկրներում և Արևելյան Եվրոպայում ամենամոպոլիզացված տնտեսությունն ունեցող Հայաստանում հատկապես փոքր ու միջին գործարարների, փորձագետների հավաստմամբ, թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ մոնոպոլիաների գոյությունը, իսկ իր ներկայացրած տարեկան հաշվետվությունում և գալիք տարվա ծրագրում որևէ բառ չկա մոնոպոլիաների դեմ պայքարի մասին, և հարցին, թե արդյոք տնտեսության առաջնային խնդիրը էլեկտրականության միացումը կամ շինարարության թույլտվության ստացումն է, Կարայանն արձագանքել է․

«Առաջինը, որ Հայաստանում մենաշնորհներ կան միայն բնական մենաշնորհների ոլորտում: Դա հանրային ծառայությունների կարգավորման ներքո ոլորտներն են: Մնացած ոլորտներում կարող են լինել գերիշխող դիրք զբաղեցնող, որը որ պայմանավորված է Հայաստանի փոքր տնտեսության պարագայով: Իսկ մնացած բոլոր դեպքերում, որ ասում եք կան մոնոպոլիստներ և այլն․ բազմաթիվ խոսակցություններ եղան տարբեր ապրանքատեսակների մասով, և բոլորս ականատես եղանք, որ շուկան բաց է: Համենայն դեպս, այսօր ես կարող եմ ձեզ վստահաբար ասել և հայտարարել, որ շուկան բաց է»:

Կարայանը նաև հայտարարել է, թե «բիզնեսը չէր վստահում պետությանը, մինչդեռ նոր կառավարությանը կարծես հաջողվել է կոտրել այդ մթնոլորտը»:

«Այն աշխատանքը, որը որ, ես ձեզ հետ համաձայն եմ, որ կար անվստահություն դեպի պետությունը գործարար միջավայրի կողմից, բավականաչափ հստակ չէր համագործակցությունը կառավարության հետ: Եվ մենք, մեծ ուշադրություն և մեծ շեշտադրություն դնելով այս համագործակցության վրա, կարող ենք այսօր արձանագրել, որ արդեն իսկ կա այն տրամադրվածությունը, որ Հայաստանում գործող կազմակերպությունները պատրաստ են նոր ներդրումներ իրականացնել», - ասել է նախարարը:

Նրա խոսքով, առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը նախևառաջ պետք է ապահովի արտահանումը, դա է կառավարության նպատակը՝ 2016-ը կփակենք արտահանման 21% աճով:

Դեկտեմբերի 28-ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ ներդումների ծավալը ՀՀ-ում շատ ցածր է, այսօր դրա ծավալը համախառն ներքին արդյունքի մեկ տոկոսի շրջանակներում է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---