Ինչպես Հայաստան բանան ներկրել. Մատակարար գտնելուց մինչև սպառում

Ինչպես Հայաստան բանան ներկրել. Մատակարար գտնելուց մինչև սպառում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման հենց սկզբում հայտարարեց, որ պայքարելու է մենաշնորհների դեմ այնքանով, որ այսուհետ ով ինչ ցանկանա կարող է ներմուծել Հայաստան և խնդիրների չի հանդիպի: Առաջինը վարչապետի խոսքերի ճշմարտացիությունը փորձել և ինչու չէ՝ նոր ընձեռնված հնարավորություններից օգտվել որոշեց «Չոր մարքեթինգ» գրքի հեղինակ, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանը՝ հայտարարելով, որ ընկերների հետ պատրաստվում են 10 տոննա բանան ներկրել Հայաստան:

Սակայն ինչպե՞ս դա նրանց հաջողվեց: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Միրաքյանը ներկայացրեց մանրամասները:

Նախևառաջ պետք է բանանի մատակարար գտնել: Ամենադյուրին տարբերակը ԵՏՄ տարածքն է, քանի որ այսկերպ ստիպված չեք լինի գործ ունենալ մաքսազերծման հետ, թեև նման ընկերություններ կան նաև Վրաստանում:

«Մենք ուսումնասիրեցինք շուկան: Ամենահարմարը Սանկտ Պետերբուրգից ներկրելն էր: Այնտեղ մի քանի խոշոր ընկերություն կա, որոնք բանան են ներկրում էկվադորից: Գնեցինք կանաչ բանան, քանի որ դրանց պահպանման ժամկետը մոտ 30 օր է, իսկ դեղին, հասած բանանինը՝ ընդամենը 5»,- ասաց Միրաքյանը՝ պարզաբանելով, որ, իհարկե, կարելի է փորձել ներկրել անմիջապես Էկվադորից, բայց դա շատ ավելի երկարատև գործընթաց է:

Այնուհետև պետք էր պտուղը հասցնել Հայաստան: Այստեղ սկսնակ ներմուծողները հանդիպեցին առաջին խոչընդոտին. եղանակային վատ պայմանների արդյունքում Լարսի անցակետը մոտ 20 օր փակ մնաց, և բանանի առաջին խմբաքանակը Հայաստան հասավ ոչ թե դեկտեմբերի սկզբին, այլ Ամանորից մի քանի օր առաջ:

«Սակայն այստեղ մի բան էր լավ, որ Ամանորի նախաշեմին մեծածախ գներն աճեցին մոտ 20-30%-ով, և կարողացանք մի փոքր շահույթ ունենալ»,- մանրամասնեց Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ եղանակայինից բացի այլ խոչընդոտների չեն հանդիպել:

Հաջորդ քայլը չհասունացած բանանը վերամշակելն է.

«Մենք բոլորս միշտ օգտագործել ենք գազային վերամշակում անցած բանան: Անհաս բանանը էթիլեն գազի միջոցով վերամշակում են, ինչի արդյունքում հասունանում է: Սա ինքնին վատ կամ վտանգավոր չէ, քանի որ դա նույն գազն է, ինչ բույսն ինքն է արտադրում հասունացման ժամանակ: Այսինքն՝ արհեստական ճանապարհով ենք հասունացնում, որն անվտանգ է»:

Ի դեպ, էթիլեն գազով վերամշակման պարզունակ համակարգ ձեռք բերելը և տեղադրելն արժե մոտ $30-50.000: Նման համակարգերը լինում են մի քանի սերնդի և ունեն պրոֆեսիոնալիզմի տարբեր մակարդակներ:

Ինչ վերաբերում է արդեն պատրաստի հասունացած պտղի իրացմանը, Վահրամ Միրաքյանը նշեց, որ սրա հետ ևս խնդիր չեն ունեցել, վաճառել են մանրածախ առևտրով զբաղվող սուպերմակետների ցանցերից մեկին:

«Ընդհանրապես պետք է փաստենք, որ մենաշնորհի վերացման արդյունքում շուկան ահագին փոխվել է: Մեզանից բացի ևս 5-6 ընկերություն այժմ զբաղվում են բանանի ներկրմամբ, ինչի արդյուքնում նաև զգալի նվազել է մանրածախ գինը: Ես չեմ հիշում, որ նախկինում հնարավոր լիներ 600 դրամով բանան գնել, իսկ այժմ այն տարբեր խանութներում հանդիում է 500-700 դրամով»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---