«Կոկա-Կոլա Հելլենիկը» պատրաստվում է նոր ներդրումներ անել ՀՀ-ում. Կառավարությունը կօժանդակի

«Կոկա-Կոլա Հելլենիկը» պատրաստվում է նոր ներդրումներ անել ՀՀ-ում. Կառավարությունը կօժանդակի

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը պատրաստվում է ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում: ԱՅս մասին ասվել է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները:

Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են Հայաստանում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաև իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի տեղ և հավելել, որ ընկերության սոցիալական և ուսումնական բնույթի ծրագրերը ևս կրելու են շարունակական բնույթ:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին և հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի:

Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը գործում է արդեն 20 տարի: Բիզնես գործունեությունից զատ, Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը: Ջրային ռեսուրսների կառավարման, համայնքների և երիտասարդության զարգացման նախագծերից բացի, ուշադրության կենտրոնում են նաև բնակչության կողմից սիրված տոներն ու միջոցառումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---