Ռուս փորձագետ. Բաքվի համար անիրական է հաղթել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ազգային համաձայնություն է կայացվել առ այն, որ հանրապետությունը պետք է անկախ պետություն լինի, ուստի այս կամ այն թեկնածուի հաղթանակը նախագահական ընտրություններում սկզբունքորեն չի անդրադառնա ընդհանուր դրության վրա: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի

Կովկասի բաժնի վարիչ Միխաիլ Ալեքսանդրովը: «Խոսքը նրբությունների մասին է: Ասենք, Բակո Սահակյանը չափավոր դիրքորոշում է որդեգրել եւ կողմնորոշված է Հայաստանի հետ կապի եւ Ադրբեջանի հետ բանակցությունների ուղղությամբ: Մասիս Մաիլյանն ավելի կոշտ է, նա դեմ է Ադրբեջանին յոթ գրավյալ շրջանները հանձնելուն եւ կողմ է ավելի ինքնուրույն դիրքորոշում որդեգրելուն բանակցային գործընթացում»,-նկատել է Ալեքսանդրովը` հավելելով, որ ամեն դեպքում Ստեփանակերտում հիմնական ուղղությունը համարվում է բանակցությունները: Ընդ որում, նա նկատել է, որ Ալիեւը բավականին պարզամիտ է` եթե հույս ունի վերադարձնել Ղարաբաղը երկխոսության միջոցով:



«Ուժային լուծումը ավանտյուրա է, որը կրախի կենթարկի Ադրբեջանը: Բաքվի համար անիրական է հաղթել Հայաստանի եւ ԼՂՀ-ի դեմ պայքարում, որքան էլ նա ավելացնի ռազմական բյուջեն»,-գտնում է Ալեքսանդրովը: Բանը միայն փողը չէ, նկատել է նա, այլ նաեւ մարտունակ բանակը: «Պետք է նշել նաեւ, որ Հայաստանը ռազմական համաձայնագիր է կնքել Ռուսաստանի հետ, այնտեղ է առաքվում ամենաժամանակակից ռազմական տեխնիկան շատ ավելի էժան գներով: Արտաքին շուկայում սպառազինության որոշ տեսակներ Ադրբեջանը նույնիսկ գնել չի կարողանա, ոչ ոք նրան չի վաճառի: Այդպիսով, անհիմն է հույսը դնել գերազանցության եւ բլիցկրիգի վրա»,-ընդգծել է Ալեքսանդրովը` հավելելով, որ «այդ սեւեռվածությունը» կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանն ընդհանրապես կարող է կորցնել ԼՂՀ անվտանգության գոտու յոթ շրջանները:



Դեռեւս, գտնում է նա, հնարավորություն կա իրականացնել «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձեւը` Ադրբեջանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, իսկ նա վերադարձնում է տարածքները: «Սակայն այժմ ժամանակը Բաքվի օգտին չի աշխատում: Կոսովոյի նախադեպը, որը, հավանաբար կհանգուցալուծվի Արեւմուտքի կողմից մարզի ինքնուրույնության միակողմանի ճանաչմամբ, միայն կնպաստի Ղարաբաղի մտադրություններին: Իսկ «հինգերորդ շարասյունն» ու հեղաշրջումը Ստեփանակերտում բացառվում են, քանի որ այնտեղ ոչ մի ադրբեջանցի չկա»,-ամփոփել է Միխաիլ Ալեքսանդրովը, հաղորդում է «Նականունե.ռու»-ն:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---