WINEP-ը հորդորում է Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

WINEP-ը հորդորում է Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի ինստիտուտը (WINEP) կոչ է արել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին «երաշխավորել» Թուրքիային, որ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ խորհուրդը տրվում է «Թուրքիայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը» բաժնին առնչվող առաջարկներում, հայտնում է Armenian Weekly-ին:

«ԱՄՆ-ն կարող է երաշխավորել Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Դա միշտ կրիտիկական հարց է եղել երկկողմ հարաբերություններում և թուրքերի մեծամասնության համար այդ հարցը կարևոր է»,-ասվում է զեկույցում, որի հեղինակներն են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ֆ. Ջեֆրին և թուրք գիտնական Սոներ Չաղապտայը:

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցը առաջինն է WINEP Մերձավոր Արևելքին նվիրված զեկույցներից: Հեղինակները պնդում են, որ Թրամփի վարչակազմը պետք է վերանայի «Թուրքիայի հանդեպ քաղաքականությունը»:

Ըստ հեղինակների, նոր մոտեցումը Թուրքիայի հանդեպ թույլ կտա շեշտադրումներ անել կողմերից յուրաքանչյուրի համար առավել կարևոր հարցերին:

«Թուրքիայի համար դա ներառում է հայտնի իսլամիստ քարոզիչ Գյուլենի արտահանձնումը, առավել ակտիվ գործակցությունը Կիպրոսից մինչև Իսրայել հարցերում, ինչպես նաև թուրքական դիրքորոշումը սիրիական հակամարտությունում: ԱՄՆ համար նոր մոտեցումը կներառի ԻՊ դեմ պայքարի հզորացում, ՔԱԿ հետ խաղաղ բանակցությունների վերսկսում, ավելի սերտ գործակցություն ռազմական գործողություններում, հատկապես Սիրիայում և ժողովրդավարական արժեքների պահպանում»,-ասվում է զեկույցում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է նորությանը սոցցանցերի և այլ միջոցներով: «Ինչո՞ւ է Վաշինգտոնի ինստիտուտը հարթակ տրամադրում Հայոց ցեղասպանության հարցի արգելափակման համար»,-հարցում է արել Հայ դատի հանձնախումբը ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Սաթլովի թվիթում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---