Քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը

Քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 14-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տարբեր ոլորտներ ներկայացնող գործարար կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով առաջարկվող ծրագրի իրականացումը, նշել է, որ Գյումրին զբոսաշրջության զարգացման լուրջ հնարավորություններ ունի, և այս առումով անհրաժեշտ են հենց այսպիսի՝ բիզնես տրամաբանությամբ մշակված ծրագրեր: «Պետք է Գյումրին ավելի հարմարավետ դարձնել ու բիզնեսին ևս ներգրավել այդ գործընթացում, որպեսզի և´ եկամուտ ստանա, և´ կարողանա քաղաքը գրավիչ դարձնել», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մանրամասներ ներկայացնելով ծրագրի մշակման վերաբերյալ, նշել է, որ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ աշխատանք է կատարվել, և առաջիկայում լինելու է ծրագրի շնորհանդես՝ հետագա քայլերը քննարկելու նպատակով: Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև Գյումրիում ներդրումներ կատարելու պատրաստակամություն հայտնած գործարարների մասնակցությամբ հանդիպում, ստեղծվելու է հատուկ հիմնադրամ, որի շրջանակում քննարկվելու են փողոցների վերականգնման, լուսավորության ապահովման և ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23.840.000 եվրո, որից 14.600.000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

Ավելի վաղ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ ներդրումային ծրագրեր կան Գյումրիի որոշակի հատված լուրջ տուրիստական կենտրոնի վերածելու հետ կապված:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---