ՎիվաՍել-ՄՏՍ-ը 42 ընտանիքի օգնել է տուն կառուցել կամ նորոգել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 42 ընտանիքի օգնել է տուն կառուցել կամ նորոգել

PanARMENIAN.Net - Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը, որն ընդգրկել է Հայաստանի տասը մարզի 25 համայնք: Արդյունքում, 42 ընտանիք ավարտել է կիսակառույց տան շինարարությունը կամ վերանորոգել է այն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն այցելել են Արմավիրի մարզի շահառու ընտանիքներին: Առաջին կանգառը Շենիկ գյուղն էր:

Չորս հոգուց բաղկացած Եղոյանների ընտանիքը 21 տարի բնակվել է փայտյա վագոն-տնակում: Ավելի քան 20 տարի ընտանիքին չի հաջողվել ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Ընտանիքի հայրը՝ Մհերը, 90-ականների արցախյան պատերազմում կորցրել է կրտսեր եղբորը, գերեվարվել, փախել է գերությունից, ծանր վիրավորվել ու հաշմանդամություն ձեռք բերել: Տունդարձից հետո ընտանիք կազմած Մհերը սկսել է ապրել վագոն-տնակում և տարիներ շարունակ կնոջ ու զավակների հետ ստիպված է եղել հաղթահարել վագոն-տնակում ապրելու խնդիրները:

«Իմ կյանքում շատ դժվարություններ եմ տեսել և վաղուց արդեն հեքիաթների չէի հավատում: Գիտե՞ք, տարիներ ի վեր համոզված էի, որ հույսդ միայն քեզ վրա պիտի դնես, որ երբեք որևէ մեկը չի գալու օգնության: Այսօր այնքան երջանիկ եմ, որ սխալվում էի: Տան շինարարության հետ, կարծես, մի նոր՝ լուսավոր կյանք է սկսվել մեզ համար»,- մասնավորապես ասել է ընտանիքի հայրը՝ Մհերը:

«Հաջողության հասնելու համար, յուրաքանչյուրս պարտավոր ենք մտովի ամփոփել օրվա անցուդարձը, արվածն ու չարվածը: Նոր սկսվող յուրաքանչուր տարվա հետ այդ գործընթացը գնահատվում է առավել խիստ չափորոշիչներով: Ընդ որում, ազնիվ լինելու համար, անհրաժեշտություն է առաջանում գնահատելու ոչ միայն ինքդ քեզ, այլև ծրագրի, գործընկերոջ ընտրության հարցում ունեցած հաջողությունը և հայրենակիցների արձագանքը: Արդեն հինգ տարի համագործակցում ենք Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ՝ ձգտելով մարդկանց մեջ հույս, հավատ արթնացնելուն զուգահեռ՝ պատասխանատվության վրա խարսխվող արժեհամակարգ ձևավորել: Հինգ տարվա ընթացքում մեզ հաջողվել է երջանկության դռներ բացել 135 ընտանիքի համար: Ուրախ եմ տեղեկացնել, որ շարունակում ենք մեր գործընկերությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագործակցող կողմերն այցելել են նաև Մարգարա գյուղում բնակվող Գևորգյանների ընտանիքին: Դեռ անցած գարնանը թիմերն այստեղ հատակի բետոնապատման աշխատանքներ էին իրականացնում:

«Ամուսինս ծնվել ու մեծացել է հողաշեն տանը: Նրա հայրը սկսել էր տան շինարարությունը, սակայն այդպես էլ չէր կարողացել ավարտին հասցնել այն: Մենք էլ մեր հերթին փորձում էինք ամեն ինչ անել, որպեսզի մեր չորս երեխաները մեծանան բարեկարգ պայմաններում, սակայն ապարդյուն. այդպես էլ չկարողացանք ավարտին հասցնել կիսակառույց տան շինարարությունը: Այսօր, ձեր օգնությամբ՝ իրականացավ մեր վաղեմի երազանքը: Շնորհակալ եմ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ազգանուշը:

«Յուրաքանչյուր մարդու համար իր տունն իր ամրոցն է: Միայն տան առկայության հետ է մարդն ինքնավստահ ու համարձակ դառնում: Այս ընտանիքների կողքին լինելն ու իրենց ուրախությունը կիսելն աննկարագրելի զգացումներ է առաջացնում: Նոր տարին նրանց համար խորհրդանշական՝ հույսի ու հավատի տոն դարձավ նաև»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, ևս 21-ը՝ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում՝ Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք: Ընդհանուր առմամբ ներդրվել է 333 մլն դրամից ավել գումար:

 Ուշագրավ
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով
Ուսանողները հայտարարել են, որ դեմ են կարևոր արժեքների ոտնահարմանը