26 հուլիսի 2007 - 17:31 AMT
Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի առաքելության ղեկավարը հանդես է գալիս շրջանի կարգավիճակի որոշման հստակ ծրագրի օգտին
Կոսովոյում ժամանակավոր վարչակազմի գործերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Իոահիմ Ռյուկերը կոչ է արել Կոսովոյի հարցով Կոնտակտային խմբին հստակ ծրագիր կազմել տարածաշրջանի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ: Ռյուկերը վերջերս եղել է Բրյուսելում, որտեղ հանդիպումներ է ունեցել Եվրամիության ներկայացուցիչների հետ:

Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը Կոնտակտային խումբ է վերադարձել Անվտանգության խորհրդից, որտեղ համապատասխան բանաձեւի շուրջ բանակցությունները հայտնվեցին փակուղում: Ռյուկերի խոսքերով, նա նախազգուշացրել է եվրոպացի գործընկերներին Կոսովոյի կարգավիճակի որոշման հետագա ձգձգման հնարավոր բացասական հետեւանքների մասին. կարգավիճակը խոստացվել էր կոսովցիներին դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: «Ես ընդգծել եմ, որ տարածաշրջանում մեծ է տագնապն ու լարվածությունը, մարդկանց հստակություն է պետք այն ամենում, ինչ վերաբերում է կարգավիճակին եւ դրա որոշման գործընթացին: Այդ պատճառով օգտակար կլիներ հետագա գործողությունների որոշակի ծրագիր կամ գրաֆիկ ունենալ, այլ ոչ թե պարզապես ժամկետներ հայտարարել»,- ասել է Ռյուկերը:

Դեռեւս նույնիսկ Կոնտակտային խմբի անդամներն են տարակարծիք, թե արդյոք բանակցությունների գործընթացը սահմանափակված է չորս ամիսներով թե ոչ, որոնք նախատեսում էր այդպես էլ չընդունված բանաձեւի նախագիծը: Ռուսաստանը դեմ է որոշակի ժամանակային սահմանափակումներին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: