ԱՄՆ 26 կոնգրեսական մտադիր է բոյկոտել Թրամփի երդմնակալությունը

ԱՄՆ 26 կոնգրեսական մտադիր է բոյկոտել Թրամփի երդմնակալությունը

PanARMENIAN.Net - Աճում է դեմոկրատ կոնգրեսականների թիվը, որոնք մտադիր են բոյկոտել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Իր որոշման մասին հայտարարել է արդեն 26 մարդ: Որպես պատճառ պատգամավորներից շատերը նշում են Թրամփի արտահայտությունները կոնգրեսական Ջոն Լյուիսի հասցեին, գրում է BBC-ին:

Լյուիսը տարիներ շարունակ եղել է հանուն քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվ մասնակից և շատերի համար հերոս է դարձել:

Լյուիսը Թրամփին «ապօրինի նախագահ է» անվանել, իսկ նա իր հերթին գրել է Twitter-ում. «Այդ ամենը դատարակ խոսակցություններ են, դատարկ, դատարկ` և ոչ մի գործողություն կամ արդյունք»:

Դրանից հետո դեմոկրատ պատգամավորներից շատերը որոշել են խախտել ավանդույթն ու չմասնակցել նախագահի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է հունվարի 20-ին:

«Երբ դու վիրավորում ես կոնգրեսական Լյուիսին, դու վիրավորում ես Ամերիկան»,-հայտարարել է Իվետ Քլարքը` Նյու Յորքի 5 ներկայացուցիչներից մեկը, որոնք բոյկոտում են երդմնակալությունը:

Առաջինն իր որոշման մասին հայտարարել է Իլինոյսից ընտրված պատգամավոր Լուիս Գուտիերեսը, իր որոշման մասին նա հայտնել էր դեռ դեկտեմբերին:

«Ես չեմ կարողանա նայել կնոջս աչքերին, դուստրերիս ու թոռներիս աչքերին, եթե ներկա լինեմ այն ամենից հետո, ինչ նա ասել է կանանց, լատինամերիկացիների, սևամորթների, մահմեդականների մասին, կարծես այն ամենն, ինչ նա ասել է կամ գրել իր թվիթներում ջնջվել է մեր հիշողությունից»,-ասել է Գուտիերեսը:

Դոնալդ Թրամփը մեծ դժվարություններ ունի արարողության ժամանցային մասի կազմակերպման հետ կապված: Ամերիկացի հայտնի երաժիշտներից ոչ մեկը չի ցանկացել ելույթ ունենալ երդմնակալության ժամանակ: Թրամփն առայժմ ունի միայն «Ամերիկայի տաղանդները» մրցույթի 16-ամյա հաղթող Ջեկի Իվանկոյի, ռազմական քայլերթերի համույթի և Radio City Rockettes վարյետեի մասնակցությունը, սակայն պարողներից ոմանք արդեն հրապարակավ հայտարարել են, որ չեն մասնակցելու:

ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը 1937-ից ի վեր անցկացվում է հունվարի 20-ին: Եթե այդ օրը կիրակի է լինում, նախագահը երդում է տալիս մասնավոր արարողության ժամանակ, իսկ հանդիսություններն անցնում են հունվարի 21-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---