Հայաստանն ու ՎԶԵԲ-ը քննարկել են գործակցության ներդրումային հնարավորությունները

Հայաստանն ու ՎԶԵԲ-ը քննարկել են գործակցության ներդրումային հնարավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստան-ՎԶԵԲ գործակցության ներդրումային հնարավորությունները քննարկվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հանդիպմանը:

Երևանում հանդիպմանը վարչապետն արդյունավետ է գնահատել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը, բազմաթիվ համատեղ ծրագրերը և կառավարության անունից այն խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Կարևորելով հատկապես մասնավոր հատվածին բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականությունը՝ Կարապետյանը նշել է. «Հայաստանի մարզեր այցերի ժամանակ մենք բազմաթիվ ծրագրեր ենք դիտարկում, ամփոփում, որոնց շրջանակում ցանկանում ենք համագործակցել մասնավոր հատվածի հետ և որպես գործիք, շահագրգռված կլինենք, եթե ՎԶԵԲ-ն էլ հետաքրքրված լինի այդ ուղղություններով համգործակցությամբ:

Կառավարության նպատակն է՝ խթանել գործարար միջավայրի ակտիվությունը տարբեր միջոցներով, և սա բիզնես միջավայրը փոխող գործընթաց կարող է դառնալ, քանի որ ներկայացվող գաղափարները մշակվում և դառնում են կոնկրետ բիզնես տրամաբանությամբ ծրագրեր»:

Հաշվի առնելով ներդրողների հետ ՎԶԵԲ-ի աշխատանքի մեծ փորձը՝ վարչապետն առաջարկել է դիտարկել նաև ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և առաջիկայում ստեղծվելիք ներդրումային հիմնադրամի շրջանակում գործակցության հնարավորությունները: Կարապետյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր հատված գործընկերությանը վերաբերող օրենսդրության մշակման և բիզնես օմբուդսմենի ինստիտուտի կայացման գործում բանկի հետ համատեղ աշխատանքը:

Ֆրանս Վիկերսը նշել է, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ը երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, որի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Վիկերսը խոստումնալից է համարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու ներդրումային հիմնադրամի ստեղծման նախաձեռնությունները և նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ՀՀ վարչապետի մատնանշած ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են նաև ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին:

1992-ից ՀՀ-ում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան €1 մլրդ 148 ծրագրում՝ ֆինանսական և կորպորատիվ հատվածներում, ինչպես նաև Հհ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ներդրումների 88%-ն արվել է մասնավոր հատվածում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---