Թանկյան. Փայլանն իսկական հերոս է

Թանկյան. Փայլանն իսկական հերոս է

PanARMENIAN.Net - Հռչակավոր ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում իսկական հերոս է անվանել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, որն իր ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Նա մասնավորապես գրել է. «Այս նշանավոր օրը, երբ մենք հիշում ենք Մարտին Լյութեր Քինգին և այն ամենը, հանուն ինչի նա պայքարել է, Էրդողանի կառավարությունը հեռացնում է պատգամավորին Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, քանի որ շատ հեշտ է խոսել ցեղասպանության մասին հալածանքներից զերծ հասարակությունում և շատ վտանգավոր է, երբ հետևանքներն անխուսափելի են: Ես եզակի պատիվ եմ ունեցել հանդիպելու նրա հետ անցյալ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»:

Կարո Փայլանը թուրքական մեջլիսում հունվարի 14-ի իր ելույթում մեծ աղմուկ է հանել Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով: Նրա դեմ հայց է ներկայացվել դատախազություն:

Թուրք պատգամավոր Արիֆ Քյոռօղլունի պնդմամբ` մեջլիսում ցեղասպանություն բառի օգտագործումը ստորացուցիչ է թուրք ժողովրդի, հանրապետության և օրենսդիր մարմնի համար:

Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ ունեցած հայ պատգամավոր Կարո Փայլանը հետևյալ հայտարարությունն էր արել. «Մի ժամանակ 40 տոկոսն էինք կազմում, հիմա մեկ հազարերորդ մասն ենք կազմում: Ուրեմն մեր գլխին մի բան եկել է... Ես ցեղասպանություն եմ անվանում, դուք ինչ ուզում եք` անվանեք: Պապիս ու նախնիներիս գլխին եկածը ես շատ լավ գիտեմ: Եկեք դուք դրեք անվանումը, ու բոլորս միասին առերեսվենք»: Այս ելույթի համար հայ պատգամավորին որպես պատիժ արգելվել է մասնակցել մեջլիսի առաջիկա 3 նիստին:

Ընթերցեք նաև. Ցեղասպանություն բառի համար Կարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել դատախազություն

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---