Հայերը սկսել են ավելի շատ վիսկի ու ավելի քիչ օղի խմել

Հայերը սկսել են ավելի շատ վիսկի ու ավելի քիչ օղի խմել

PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 1.285.252 լիտր օղի, ինչը մոտ 200.000 լիտրով զիջում է նախորդ տարվա ցուցանիշին. 2015-ի նույն ժամանակահատվածում ներմուծվել էր մոտ 1.484.713 լիտր օղի:

Այս մասին հայտնել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան տրամադրելով ներմուծված սպիրտային խմիչքների վերաբերյալ տեղեկատվություն:

Փոխարենը 2016-ի հաշվետու ժամանակահատվածում մոտ 2000 լ-ով աճել է վիսկիի ներմուծման ծավալը՝ հասնելով 14.678 լիտրի: Մոտ 4000 լ-ով ավելացել է նաև լիկյորի ներմուծումը՝ 6288 լ 2015-ի վերջին եռամսյակի 2485 լ-ի դիմաց: Ռոմի, ջինի և կոնյակի ներմուծման ծավալները գրեթե պահպանվել են. 2769 լ ռոմ, 1961 լ ջին, մոտ 1189 լ կոնյակ:

Բացի այս, 2016-ի վերջին եռամսյակում ներմուծվել է ևս 5862 լ այլ ալկոհոլային խմիչքներ:

2015-ի վերջին եռամսյակում ալկոհոլային խմիչքների ներմուծման ծավալները հետևյալն են եղել՝ 12.770 լ վիսկի, 2485 լ լիկյոր, 3262 լ ռոմ, 1797 լ ջին, մոտ 1000 լ կոնյակ և 8429 լ ալյ ալկոհոլային խմիչքներ:

Ստացվում է, որ 2016-ի վերջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ ընդհանուր ալկոհոլային խմիչքների ներմուծումը նվազել է՝ 1.514.502 լիտրից հասնելով 1.318.000-ի: Սակայն նվազումը տեղի է ունեցել հիմնականում օղու ծավալների անկման հաշվին: Չհաշված օղին, այլ ալկոհոլային խմիչքների ծավալն աճել է՝ մոտ 30 հազար լիտրից հասնելով մոտ 33 հազարի:

Ընդ որում, կրճատվել են նաև տեղական օղու արտադրության ծավալները. 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին (2016-ի դեկտեմբերի տվյալները դեռևս հասանելի չեն) արտադրվել էր մոտ 2.4 մլն լիտր օղի, 2016 թվականի նույն ժամանակահատվածում, արտադրությունը նվազել է մինչև մոտ 1.12 մլն լիտր :

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---