Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին 2500 նոր աշխատատեղ կապահովի

Սյունիքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին 2500 նոր աշխատատեղ կապահովի

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ Իրանի սահմանակից տարածքում կհիմնվի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարության ներդրումային ծրագրի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացնելով ծրագիրն, ասել է, որ նպատակն է՝ ստեղծել նախադրյալներ նոր ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև արտահանման ներուժ ունեցող ապրանքների արտադրության համար, հայտնում է Aysor.am-ը:

Հաշվի առնելով Իրանի հետ հարատև առևտրատնտեսական հարաբերությունները, որոշվել է տեղակայումն իրականացնել Սյունիքի մարզում՝ սահմանագծին հնարավորինս մոտ: Ընտրվել է Ագարակ քաղաքում առկա հողատարածք: ԱՏԳ-ն զբաղեցնելու է 10-15 հա տարածք, սակայն առկա է 35 և հավելյալ 10 հա տարածք ընդլայնման հնարավորություն:

Ծրագրի արժեքը գնահատվել է մոտ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի մոտ 32 մլն դոլար:

«Ակնկալում ենք, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար: Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող», - ներկայացրել է Արամ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ կանխատեսումներ են իրականացվել, որ 10 տարում կներգրավվի մոտ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ:

Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի երկրները: «Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար: Կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ»,- ասել է Արամ Վարդանյանը:

Նա նշել է, որ տարածքը կլինի ցանկապատված, ինչպես նաև տեղակայված կլինի մաքսակետ, որը կապահովի հատուկ մաքսային ռեժիմ: «Կլինի արտադրական տարածք՝ 40 000 քմ, գրասենյակային՝ 10 000 քմ: Կլինի պահեստային տարածք, ինչպես նաև բիզնես կենտրոն, որտեղ տեղակայված կլինեն բանկեր, ապահովագրական ընկերություններ, պետական ծառայություններ կմատուցվեն, նոտարական գրասենյակ, սննդի կետեր, կոնֆերանս դահլիճներ, ցուցահանդեսների կազմակերպման համար տարածքներ», - նշել է ներդրումային ծրագրի բաժնի պետը:

«Ուսումնասիրելով թիրախային շուկաների կառուցվածքը, նախանշվել է գերակա 6 հիմնական ուղղություն. գյուղմթերքի, սննդի վերամշակում, արդյունաբերություն, մեքենաշինություն, քիմիական արդյունաբերություն, նոր, բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն և տեքստիլ արդյունաբերություն», - ասել է Արամ Վարդանյանը՝ հավելելով, որ ծրագրի իրագործումը ենթադրում է պետության հետ սերտ համագործակցություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---