Լավրով. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան

Լավրով. Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան

PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում դրական միտումներ կան: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ քաղաքական խորհրդակցությունների բացմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հուսադրող է, որ սիրիական ճգնաժամում դրական տեղաշարժ է նկատվում,առնվազն, բոլորը համամիտ են, որ համազգային երկխոսության միջոցով քաղաքական և դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չկա»,-ասել է նախարարը:

Ըստ նրա, հունվարի 23-ին Աստանայում կայանալիք Սիրիայի կառավարության և զինյալ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը չափազանց կարևոր է կարգավորման պարամետրերի մշակման համար: «Դիտարկում ենք այդ հանդիպումը որպես կարևոր ներդրում համապարփակ կարգավորման մշակման գործում, որը կշարունակվի ավելի ընդլայնված կազմով Ժնևում»,-ասել է նախարարը:

Ժնևում խորհրդակցությունները կայանալու են փետրվարի 8-ին:

Լավրովը նշել է, սակայն, որ «մտահոգիչ է ահաբեկչական ակտիվության աննախադեպ աճը: Արյունալի միջադեպերն աշխարհի տարբեր մասերում, ներառյալ ՌԴ դեսպանի ստոր սպանությունն Անկարայում, միայն հաստատում են շատ և շատ տագնապալի և վտանգավոր միտումը»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ վիճակն էլ ավելի է բարդանում «բազմաթիվ լոկալ հակամարտությունների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ անորոշության պատճառով»:

Սիրիայի ընդդիմության միասնական պատվիրակության և իշխանությունների բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա փետրվարի 23-ին: Հունվարի 14-ին Սիրիայի ընդդիմության Բանակցությունների բարձրագույն կոմիտեն հայտարարել էր, որ սատարում է Աստանայում կայանալիք բանակցություններին և նշել է, որ սիրիական ընդդիմությունը հեռանկարային է համարում այդ հանդիպումը որպես նախնական քայլ Ժնևում բանակցությունները շարունակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---