Լենինգրադյան փողոցը կարող է անվանափոխվել Լ. Ազգալդյանի անունով (հարցում)

Լենինգրադյան փողոցը կարող է անվանափոխվել Լ. Ազգալդյանի անունով (հարցում)

PanARMENIAN.Net - Առաջարկվում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անունով: Ավագանու համապատասխան որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորումը ներկայացրել է Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ հունվարի 20-ին ավագանու որոշման նախագիծ եմ ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով առաջարկել եմ Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար:

«Սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- ասվում է ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ:

Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ֆիզիկոս է, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս, Անկախության բանակի հրամանատար: Անկախության բանակը կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում է, որը կազմավորվել է 1989-ին: Ղարաբաղյան պատերազմի տարիներին կռվել է Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։

1992-ի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ նա զոհ գնաց թշնամու գնդակին: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---