Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատը կրկին հետաձգվել է. Շիրխանյանը չի ներկայացել

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատը կրկին հետաձգվել է. Շիրխանյանը չի ներկայացել

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը երրորդ անգամ հետաձգվել է: Նիստին կրկին չէր ներկայացել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից կրկին տեղեկանք է տրվել, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը բավարար է և նա ի վիճակի է ներկայանալ դատական նիստին: Սակայն, երրորդ անգամ անընդմեջ Վահան Շիրխանյանը հրաժարվել էր ներկայանալ դատական նիստին, որովհետև նրան պատգարակ չեն տրամադրում», - հայտարարել է դատարանը:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշել է, որ դատարանին կեղծ փաստաթղթեր են ներկայացվել: «Ինձ տհաճ է լսել հայտարարությունը, որ Շիրխանյանը գտնվում է բավարար վիճակում: Իմ պաշտպանյալը գտնվում է շատ ծանր վիճակում», - ասել է նա:

Գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պաշտպաններն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---