Նախագահը զորացրված զինծառայողների հետ քննարկել է բանակի խնդիրները

Նախագահը զորացրված զինծառայողների հետ քննարկել է բանակի խնդիրները

PanARMENIAN.Net - Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին:

Հանդիպմանը Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար:

Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Հանրապետության նախագահը:

Սարգսյանը նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը:

Զորացրված զինծառայողները նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով:

Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայմանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ:

Հանդիպման արդյունքներով նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---