Կոլումբիայում ապստամբների գերությունից ծնունդով հայաստանցու են ազատել

Կոլումբիայում ապստամբների գերությունից ծնունդով հայաստանցու են ազատել

PanARMENIAN.Net - Կոլումբիայում ապստամբների Ազգային ազատագրական բանակի (ԱԱԲ) գերությունից ազատվել է Հայաստանում ծնված Արսեն Ոսկանյանը: Գործողությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը կոլումբիական Tiempo-ի վրա հղումով:

«ԿԽՄԿ-ն ազատել է ԱԱԲ գերության մեջ գտնվող օտարերկրացուն: Ապստամբները փոխանցել են նրան Չոկո դեպարտամենտի գյուղական վայրում»,-հայտնում է պարբերականը:

Ըստ Tiempo-ի, «չնայած, որ ԿԽՄԿ-ն ոչինչ չի հայտնել պատանդառությունից ազատվածի անձի մասին, հայտնի է, որ 2016-ի նոյեմբերին երկրի զինված ուժերը գաղտնալսել էին ապստամբների ռադիոբանակցությունները, որտեղ հիշատակվում էր առևանգված 42-ամյա Հայկական ԽՍՀ-ում ծնված քաղաքացին»: «Այն ժամանակ հայտնի էր, որ վերջինս Կոլումբիայում է հայտնվել թունավոր գորտեր Հայաստան արտահանելու նպատակով»,-գրել է թերթը:

2016-ի նոյեմբերին Tiempo-ն հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ «ԱԱԲ ապստամբների կողմից առևանգված օտարերկրացի Արսեն Ոսկանյանը, ըստ իշխանությունների վարկածի, հավանաբար, ցանկացել է ապօրինաբար թունավոր գորտեր արտահանել, որոնք էնդեմիկ տեսակ են և բնակվում են միայն Չոկո դեպարտամենտում:

Մաքսանենգներն այդ տեսակի մի գորտի վաճառքից €1500 են ստանում և մեկ ուղևորության ընթացքում կարող են մինչև 100 գորտ արտահանել»: Հոդվածում նաև ասվում էր, որ «Ոսկանյանը ծնունդով Հայաստանից է, սակայն Կոլումբիա է մուտք գործել ՌԴ անձնագրով»:

Հայաստանցին ազատ է արձակվել կառավարության և ապստամբների միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ պայմանավորվածության հաստատումից մի քանի օր անց:

Կոլումբիայում չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---