Գյումրիում սկսնակ ձեռներեցների անվճար դասընթաց կանցկացվի

Գյումրիում սկսնակ   ձեռներեցների անվճար դասընթաց կանցկացվի

PanARMENIAN.Net - Գյումրիում տեղի է ունեցել «Արդյունաբերական աշխատանք երիտասարդների համար» ծրագրի մասնակիցների ընտրությունը: Ավելի քան 40 դիմորդից ընտրական հանձնաժողովն ընտրել է 20 մասնակցի: Նրանք կներգրավվեն Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի` «Հաջող սկիզբ» փուլում:

Ծրագիրն իրականացնում են ՄԱԱԶԿ-ը (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը՝ Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել ՀՀ մարզերի 18-35 տարեկան ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում՝ նպաստելով երիտասարդության գործազրկության մակարդակի նվազեցմանը և Հայաստանում կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը:

Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագրում ընտրության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Առաջնահերթ են հատկապես արտադրության և ՏՏ ոլորտներում ներգրավված սկսնակները:

Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ» կոչվող առաջին փուլում երիտասարդ ձեռներեցները մասնակցում են ձեռնարկատիրական անվճար դասընթացի և մշակում գործարար ծրագրեր:

Այդ ծրագրերից առավել իրատեսականները կարող են հավակնել մատչելի վարկերի տեսքով ֆինանսական աջակցության: Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո, առնվազն 1 տարվա ընթացքում, սկսնակը ստանում է խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անհատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով:

«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) ստեղծվել է 2002թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Կենտրոնի գործունեությունն ուղղված է նոր ՓՄՁ-ների ստեղծմանը, ձեռնարկությունների ֆինանսական աջակցությանը, նրանց հմտությունների զարգացմանը, ուսուցմանը, ոլորտային ՓՄՁ-ների աջակցությանը, ձեռնարկությունների ինֆորմացիոն, խորհրդատվական աջակցությանը, բիզնեսի միջազգայնացմանը, համայնքների տնտեսական զարգացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---