ԱՆ. Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

ԱՆ. Նուբարաշեն ՔԿՀ-ի 1-ին հարկի խցում պահվող դատապարտյալներն ինքնակամ տեղափոխվել են այլ բանտախուց

PanARMENIAN.Net - Նուբարաշեն ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հունվարի 23-ին ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու և իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները ևս դիտարկել էին 5-րդ հարկի խցերը և որևէ առարկությամբ հանդես չէին եկել` կապված պահման պայմանների հետ: Միաժամանակ, հենց դիտորդական խմբի անդամներն ու որոշ դատապարտյալների պաշտպաններ էին մինչ այս բարձրաձայնել դատապարտյալներինառաջին հարկի բանտախցից այլ խուց տեղափոխելու անհրաժեշտության մասին:

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված, ցանկացել են մուտք գործել խուց և բռնի ուժով նրանց տեղափոխել 5-րդ հարկ՝ թիվ 89 խուց, որը, ինքնավնասում կատարած անձանց կարծիքով, շատ ավելի վատն է, քան իրենց խուցը։

Հունվարի 12-ին Դիտորդական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, Խմբի կողմից ուսումնասիրվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները, այդ թվում՝ 002 խուցը։ Խցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների վատ վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի են եղել խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվել են առաստաղին, պատերին, նույնիսկ սնունդ (հաց) պարունակող տուփերում: Խմբի տարածած հայտարարությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել առաջին հարկում պահվող ազատազրկվածներին տեղափոխել այլ խցեր։

2017թ․ հունվարի 21-ին կատարած այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ են ունեցել բնակեցված մնացած միակ՝ 002 խցում պահվող՝ ինքնավնասումներ կատարած անձանց և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ, դիտարկում են անցկացրել այն խցում, որտեղ պետք է տեղափոխվեին տվյալ ազատազրկված անձինք։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերով՝ նրանք 5-րդ հարկ տեղափոխվելու պահանջին չեն ենթարկվել և դիմել են ինքնավնասումների:

Ինքնավնասում կատարած անձինք դիտորդների հետ առանձնազրույցի ժամանակ հայտնել են, որ իրենց նկատմամբ մահակներով կամ այլ ձևով բռնություն չի կիրառվել։

Դիտորդական խումբը ուսումնասիրել է նաև 5-րդ հարկի 89-րդ խցի պայմանները, որը նույնպես բարեկարգ համարել չի կարելի, սակայն խցում նկատելի չեն եղել խավարասերներ, ինչպես նաև չի զգացվել խոնավություն, սակայն խուցը վերանորոգման կարիք ունի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---