Թուրքական «Ալթայ» տանկերը մնացին առանց շարժիչների

Թուրքական «Ալթայ» տանկերը մնացին առանց շարժիչների

PanARMENIAN.Net - Թուրքիայի սեփական տանկային արտադրություն հիմնելու ծրագիրը դժվարությունների է բախվել շարժիչներ հայթայթելու հետ կապված խնդիրների պատճառով:

Ինչպես հայտնում է Jane’s-ը, խնդիրների պատճառ է դարձել թուրքական Tümosan-ի ու ավստրիական Austria's AVL List GmbH-ի պայմանագրի խզումը: Պայմանագիրը ենթադրում էր շարժիչների արտադրության տեխնոլոգիայի փոխանցումը թուրքական կողմին:

Խնդիրը ծագել է Ավստրիայի խորհրդարանում Թուրքիային զենքի մատակարարման արգելքի մասին փաստաթղթի ընդունման հետևանքով: 2016 թվականի նոյեմբերի 26-ին Ավստրիայի խորհրդարանն ընդունել էր 6 քաղաքական կուսակցությունների նախաձեռնությունը զենքի արտահանումը Թուրքիա կասեցնելու մասին: Փաստաթուղթը կոչ էր անում դադարեցնել զենքի և զինամթերքի արտահանման թույլտվությունների տրամադրումն այն երկրներ, որտեղ ռազմական դրություն է կամ որտեղ կա զինված հակամարտության վտանգ: Որոշման մեջ հատուկ շեշտված էր Թուրքիայի օրինակը, քանի որ այնտեղ «խախտվում են մարդու իրավունքները, իսկ ներկրված զենքը կարող է կիրառվել ընդդիմության դեմ»:

Ընդ որում, պայմանագիրը խզել է թուրքական կողմը՝ հայտարարելով, որ չի պատրաստվում եկամուտներ ապահովել ավստրիական ընկերության համար:

Նոր շարժիչի նախագծման ու սերիական արտադրության որևէ հստակ ժամկետներ չեն նշվում:

«Ալթայ» տանկի նախագծման համար ծախսվել է ավելի քան $1 մլրդ: Ցայսօր կառուցվել է «Ալթայի» մի քանի օրինակ, ընդամենը պլանավորվում էր կառուցել 1000 տանկ՝ Թուրքիայի զինուժի համար, չհաշված հնարավոր արտահանման գործարքները: Tümosan-ը նշել է, որ կփորձի հնարավորինս այլընտրանք գտնել թուրքական արտադրանքի շնորհիվ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---