Սվիտալսկի. Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցը կհստակեցվի

Սվիտալսկի. Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցը կհստակեցվի

PanARMENIAN.Net - Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման վերաբերյալ ձևավորվել է աշխատանքային կոնսենսուս, և առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում պետք է այդ հարցով լուծում գտնվի: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընտրական նոր մեխանիզմների հիմնական ֆինանսավորող՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ավելի վաղ չէր բացառել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել:

«Եվրամիությունը բանակցությունների կողմ չէ, բայց որքան ես տեղյակ եմ, շատ ինտենսիվ երկխոսություն է իրականացվել վերջին օրերին: Կարծում եմ՝ նույնիսկ երեկ խորհրդարանական հանձնաժողովն աշխատել է մինչև ուշ գիշեր, քննարկելով հնարավոր տարբերակները: Որքան ես եմ տեղյակ՝ նրանք որոշակի աշխատանքային կոնսենսուսի են հասել: Ես գնահատում եմ այն, որ նրանք իսկապես փորձում են գտնել լավագույն լուծումը»,- ասել է Սվիտալսկին:

ԵՄ Դեսպանը վստահություն է հայտնել, որ հնարավոր է գտնել տարբերակ, որը հնարավորություն կտա ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բոլոր տեղամասերում տեսախցիկների միջոցով վերահսկողություն իրականացնել:

«Հաջորդ հանգամանքն այն է, որ գտնվի լուծում, որն իրագործելի կլինի տեխնոլոգիան ներդնող կազմակերպության կողմից: Կարծում եմ՝ հնարավոր է հասնել լավ պայմանավորվածության այդ կազմակերպության հետ: Հավանաբար ժամանակ չկա գործընթացն ամենասկզբից սկսելու համար, կան տարբեր տեխնիկական տարբերակներ, և կարծում եմ, որ դրանք քննարկվելու են նաև այսօր և վաղը, քանի որ, հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ լուծումը պետք է գտնվի առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում: Կարծում եմ՝ մինչև այս շաբաթվա ավարտն այս հարցում պարզություն կմտի՝ ի՞նչ է հնարավոր անել և ինչ՝ ոչ»,- շարունակել է ԵՄ դեսպանը:

Սվիտալսկին նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կառուցողական է տրամադրված տեսախցիկների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկ չգանձելու հարցում:

Ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրումը, որպես ոչ պարտադիր դրույթ, ամրագրված է նոր Ընտրական օրենսգրքում: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ կարող են չտեղադրվել, քանի որ դրանց տեղադրման ու ծրագրային ապահովման համար դիմել է միայն մեկ ընկերություն՝ առաջարկելով բարձր գին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---