ՀՀ ՄԻՊ-ը Մուժնիեկսին է ներկայացրել բլոգեր Լապշինի հանձնման որոշումը

ՀՀ ՄԻՊ-ը Մուժնիեկսին է ներկայացրել բլոգեր Լապշինի հանձնման որոշումը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանի կողմից մանրամասն ներկայացվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնման որոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Պաշտպանի խոսքով, դա լրջորեն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10 օրյա ժամկետում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:

Քննարկվել են նաև նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր և այլն:

Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016-ի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև 2017-ի հունվարի 3-ի և 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---