Լապշինը բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու որոշումը

Լապշինը բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու որոշումը

PanARMENIAN.Net - ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ԼՂ այցելության համար ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է «Sputnik Բելառուսը» Մինսկի քաղաքային դատարանի վրա հղումով:

Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

«Մինսկի քաղաքային դատարանը ստացել է Լապշինի բողոքը»,-հայտնել է դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը:

Ըստ նրա, բողոքը քննարկվելու է հունվարի 26-ին 14:00-ին Մինսկի քաղաքային դատարանում, սակայն դատական նիստը փակ է լինելու` ըստ Բելառուսի ՔՕ 516 հոդվածի 1-ին մասի:

Ըստ Բելառուսի օրենքների, Լապշինը կարող է բողոքով դիմել նաև Բելառուսի Գերագույն դատարան:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը»: Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, իր հերթին խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն և ուղարկել է նամակը Իսրայելի ԱԳՆ:

Հունվարի 24-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին է ներկայացրել բլոգեր Լապշինիին Ադրբեջանին հանձնելու որոշումը:

Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---