6 մարդ է զոհվել կանադական Քվեբեկի մզկիթում երեկոյան աղոթքի ժամանակ արձակված կրակոցներից, հայտնում է Reuters-ը: Կրակ բացողները 3-ն են եղել, հայտնել է ականատեսը:
Խոսքը Քվեբեկի Իսլամական մշակութային կենտրոնի մասին է: Ոստիկանությունը շրջափակել է տարածքը և հրաժարվել է մեկնաբանություններից:
Ըստ ականատեսի, մզկիթում մոտ 40 մարդ է եղել, հայտնում է ՌԲԿ-ն:
Կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ երևում են մեծաթիվ ոստիկանական մեքենաներ: CBC News-ը գրում է «բազմաթիվ ոստիկանների ներկայության մասին» Քվեբեկի մզկիթի մոտ:
Ըստ Radio Canada-ի, կրակոցներ արձակելու մեջ կասկածվողներից մեկին հաջողվել է ձերբակալել, երկրորդը հետախուզման մեջ է:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ահաբեկչական գործողություն է որակել կատարվածը: Իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նա գրել է, որ այն ուղղված էր մահմեդականների դեմ: «Մենք դատապարտում ենք մահմեդականների դեմ ուղղված այս ահաբեկչությունը, որոնք գտնվում էին երկրպագության և ապաստանի վայրում»,-գրել է նա: